Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի այցը քաղաքավարության արտահայտություն էր


«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Ազատության հրապարակ բացառապես քաղաքավարության եւ բարեկրթության արտահայտություն էր»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Անկախ ամեն ինչից` եթե մենք ունենք բողոք հայտնող քաղաքացի, մենք պարտավոր ենք լսել նրան: Ավելին ասեմ` Հայ ազգային կոնգրեսի շատ անդամներ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ժամանակ այցելել են Ազատության հրապարակ», - նշեց նա:

Հիշեցմանը, որ մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ հարցին, թե որն էր վերջինիս երեկվա այցի նպատակը` արդյո՞ք իր եւ Տեր-Պետրոսյանի միջեւ եղած տարբերությունն ընդծելը, Սաֆարյանը պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այդպիսի էժան քայլ չէր անի: Տարբերությունները ընդգծելու բազմաթիվ ձեւեր կան»:

Անդրադառնալով Հովհաննիսյանի եւ Տեր-Պետրոսյանի երեկվա զրույցին` Սաֆարյանը ասաց. - «Մի բան վստահ գիտեմ, որ պարզապես տեսակետներ են փոխանակվել ներկա իրավիճակի հետ կապված, սեփական գործողությունների, հետապնդած նպատակների հետ կապված: Այո, քաղաքական զրույց է եղել, բայց` առավելապես տեսակետների փոխանակման տեսքով»:

Հովհաննիսյանի այցը հետեւեց երեքշաբթի երեկոյան ՀԱԿ-ի հայտարարությանը, որ անիմաստն են համարում իշխանության հետ որեւէ երկխոսություն: Դիտարկմանը, թե արդյոք դա սոսկ զուգադիպությո՞ւն էր, թե՞ հետագա պայքարում Կոնգրեսին աջակցելու, համագործակցելու պատրաստակամության ժեստ, Սաֆարյանը արձագանքեց, թե Հովհաննիսյանը մինչեւ այդ բացակայում էր Հայաստանից, եւ «ավելի խորը պատճառներ պետք չէ փնտրել»:

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա Ստյոպա Սաֆարյանի խոսքով, համագործակցություն չի կարող լինել, քանի դեռ Կոնգրեսը շարժվում է «երկխոսության պարտադրում հանուն հեղափոխության զսպման» բանաձեւով»:

«Ոչ թե երկխոսություն էր գնում` հանուն երկրի խնդիրները լուծելու, այլ երկխոսություն էր վարվում` հանուն հեղափոխությունը զսպելու: Այս պահի դրությամբ, Հայ ազգային կոնգրեսը շարունակեց իր օրակարգում պահել այդ խաղի կանոններով երկխոսության պատրաստակամությունը: Այսինքն` նստացույցը ծառայեցվում է [որպես] ընդամենը սարսափեցում իշխանություններին, թե` այ, տեսեք, եթե չերկխոսեք մեզ հետ, ապա մենք ձեր հարցերը այլ կերպ կլուծենք: Այս խաղի կանոններում, իհարկե, մենք համագործակցելու եզր չենք տեսնում», - ասաց նա` շարունակելով. - «Բայց որպես ընդդիմադիր ուժեր, Հայ ազգային կոնգրեսը եւ «ժառանգություն»-ը կարող են եւ ունեն մի շարք հարցերում համագործակցելու եզրեր»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «կարեւոր հաջողություն» համարեց այն, որ շուրջօրյա հանրահավաքային շարժումն արդեն սկսել է Ազատության հրապարակ բերել իրենց դատապարտող եւ քննադատող գործիչներին:

Զուրաբյանը, ով երեկ նույնպես զրուցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, փոխանցեց. - «Ես պարզ ասել եմ, որ մենք հավաքվել ենք այստեղ ժողովրդի հետ միասին ավազակապետության դեմ պայքարելու նպատակով, ժողովրդավարություն հաստատելու նպատակով, եւ ասել եմ` եթե այլ քաղաքական ուժեր էլ են կիսում այդ պայքարը, ուրեմն մենք կոչ ենք անում միանալ մեզ: Բնականաբար, խոսքը ոչ թե Կոնգրեսին, այլ ժողովրդին միանալու մասին է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:30 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG