Մատչելիության հղումներ

Շուրջօրյա ակցիան շարունակել-չշարունակելու մասին որոշումը ՀԱԿ-ը կկայացնի շաբաթ օրը


Հանրահավաքականները Ազատության հրապարակում: 5-ը հոկտեմբերի, 2011թ.
Հանրահավաքականները Ազատության հրապարակում: 5-ը հոկտեմբերի, 2011թ.

Հայ ազգային կոնգրեսը որոշել է մեկ օրով երկարաձգել շուրջօրյա նստացույցը եւ այն շարունակելու կամ դադարեցնելու մասին որոշումը կկայացնի ոչ թե ուրբաթ օրը, ինչպես սպասվում էր, այլ շաբաթ օրը:

Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը արտոնել է ՀԱԿ-ին հոկտեմբերի 8-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ այդ հայտը քաղաքապետարան ներկայացվել էր մինչեւ շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը:

«Հիմա 7 օրվա նախազգուշականը դարձավ 8 օր, եւ 8-րդ օրը կքննարկենք, կորոշենք շարունակության ձեւը, թափը… Շարունակության ամեն ինչը կորոշվի հոկտեմբերի 8-ին», - ասաց Մանուկյանը:

Նա փոխանցեց, որ այսօր Արմավիրից, Էջմիածնից, այլ վայրերից հստակ տվյալներ են ստացել, որ «շատ ավելի կոշտ մեթոդներով են փակում ճանապարհները»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Կոնգրեսի ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք փակուղային չի համարում իրավիճակը` հաշվի առնելով, որ երկխոսության հեռանկար այլեւս չկա, արձագանքեց. - «Իրավիճակը փակուղային չեմ տեսնում, որովհետեւ մենք չենք մտնում այնպիսի իրավիճակների մեջ, որտեղից ելք չկա: Կարծում եմ, որ իրավիճակից կան կոնկրետ ելքեր, լուծումներ»:

Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին կայացվելիք որոշմանը` Փաշինյանը ասաց. - «Հրապարակում մնալու որոշումը կայացվել է հարթակի եւ ժողովրդի համատեղ քննարկման արդյունքում: Մնալ-գնալու որոշումը նույնպես կկայացվի նույն ֆորմատով»:

Արամ Մանուկյանի ձեւակերպմամբ` իրավիճակը «որքան փակուղային, այնքան էլ պայթյունավտանգ է» Անդրադառնալով վաղը Ազատության հրապարակի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կայանալիք միջոցառմանը` Մանուկյանը ասաց. - «Այս մարդիկ մարտահրավեր են նետել դեմոկրատիային: Տարօրինակ է: Հիմա ո՞նց են դրա տակից դուրս գալու: Սարկոզիի հետ գալիս է մոտ 100 ժուռնալիստ, աշխարհի բոլոր լուրջ լրատվամիջոցները գալիս են Հայաստան: Մենք էլ գիտենք, որ այդ մարդիկ տեսնելու են, որ այստեղ զուգարան չկա, սրճարան չկա, ճանապարհները փակ են… Եվրամիության թիվ մեկ կամ թիվ երկու պրեզիդենտը գալիս է Հայաստան, ու դու պիտի բացատրես, չէ՞…»:

Նախօրեին, հիշեցնենք, Կոնգրեսը հայտարարեց, որ այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ երկխոսությունը, եւ իրենց առջեւ դրված խնդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ: Ի պատասխան հարցին, թե ինչ է արվելու մարդկանց մոբիլիզացնելու ուղղությամբ, Նիկոլ Փաշինյանը ասաց, թե, օրինակ, երեկ Հայաստանի շուրջ 10 բնակավայրերից մարդիկ ոտքով հասել են Ազատության հրապարակ:

Մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերին այս պայքարում համախմբվելու կոչը, Փաշինյանը ասաց. - «Հայ ազգային կոնգրեսը իր քայլը արդեն արել է: Մնացած ուժերը` առողջ թե անառողջ, իրենք պետք է դիրքորոշում ճշտեն այստեղ տեղի ունեցողի վերաբերյալ: Այնպես չէ, որ Կոնգրեսը խնդրարկու է»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ակցիայի մասնակիցները վերահաստատեցին պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG