Մատչելիության հղումներ

logo-print

Մահացել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը


ԱՄՆ - Սթիվ Ջոբսը ներկայացնում է նոր iPhone 4-ը, Սան Ֆրանցիսկո, 7-ը հունվարի, 2010թ.

ԱՄՆ - Սթիվ Ջոբսը ներկայացնում է նոր iPhone 4-ը, Սան Ֆրանցիսկո, 7-ը հունվարի, 2010թ.

Չորեքշաբթի օրը, կյանքի 57-րդ տարում մահացել է Apple ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահայտնի ու հաջողակ գործարարներից մեկը` Սթիվեն Ջոբսը։

Վերջին տարիներին Ջոբսը տառապում էր քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում էր ստանում, իսկ ամիսներ առաջ նա լքեց Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնը` այն հանձնելով Թիմ Քուկին։

«Մահվան մասին հիշելը այն հիմնական միջոցն է, որ թույլ է տալիս խուսափել կեղծ մտայնությունից, թե մենք կորցնելու ինչ-որ բան ունենք: Ամեն մի օրն ապրեք այնպես, կարծես դա ձեր կյանքի վերջին օրն է, եւ մի օր հաստատ ձեր այդ մոտեցումը կարդարացվի», - 2005 թվականին` մահվանից գրեթե վեց տարի առաջ, դիմելով Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներին` ասում էր Apple ընկերության հիմնադիրը:

Նորագույն տեխնոլոգիաների ոլորտի թերեւս ամենավառ ներկայացուցիչը համարվող Սթիվ Ջոբսը ծնվել է 1955 թվականին Սան Ֆրանցիսկոյում, 70-ականների սկզբին մասնակցել է ամերիկյան առաջին անհատական համակարգչի ստեղծման աշխատանքերին, հետագայում զբաղվել է նաեւ համակարգչային անիմացիայով: Տարիներ շարունակ Ջոբսը եղել է այս ոլորտի առաջատար ընկերություներից մեկի` Pixar-ի գործադիր տնօրենը, Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 1997-ին:

Ընդամենը մի քանի տարում խորը ճգնաժամում գտնվող Apple-ը Ջոբսի գործադրած ջանքերի շնորհիվ դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն ու այս ոլորտի յուրատեսակ «ուղղություն թելադրողը»:

Սրան զուգահեռ` 2006-ին, Pixar եւ Disney ընկերությունների միավորումից հետո, Ջոբսը դարձավ Disney -ի տնօրենների խորհրդի անդամ` տարիներ շարունակ լինելով նաեւ այս աշխարհահռչակ ընկերության ամենախոշոր բաժնետերերից մեկը:

Forbes-ի գնահատմամբ` 2010-ին Ջոբսի ֆինանսական կարողությունը կազմում էր ավելի քան 8 միլիարդ դոլար: Այդպիսով նա Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանց ցանկում 42-րդն էր:

Սթիվ Ջոբսի մահվան առթիվ հատուկ հայտարարություն է տարածել Սպիտակ տունը: «Սա մի մարդու կորուստ է, ով փոխեց բոլորիս կյանքը», - նշել է Բարաք Օբաման` հավելելով. - «Ջոբսը ժամանակին հայտարարել էր, թե հարկ է ամեն օրն ապրել կարծես այն վերջինն է քո կյանքում։ Հենց այդ ընկալման շնորհիվ էր, որ Ջոբսը կարողացավ արդյունաբերության ամբողջական ոլորտները վերափոխման ենթարկել, նա կարողացավ փոխել այն տեսանկյունը, որով մարդիկ ընկալում են աշխարհը»:

Ջոբսի մահվանն են անդրադարձել նաեւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտի առաջատարները:

Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը նշել է. - «Առաջին անգամ ես Ջոբսին հանդիպել եմ 30 տարի առաջ։ Մեր կյանքի գրեթե կեսից ավելին մենք եղել ենք գործընկերներ, բարեկամներ եւ մրցակիցներ»:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր անձնական էջում հետեւյալ գրառումն է թողել. - «Սթիվ, ես անչափ շնորհակալ եմ, որ դու իմ ընկերն ու ուսուցիչն էիր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG