Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի պնդմամբ` իշխանությունները խրախուսում են արտագաղթը


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ
«Ես խոր կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանությունները խրախուսում են արտագաղթը», - չորեքշաբթի երեկոյան Ազատության հրապարակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կոնգրեսի առաջնորդն իր ելույթը նվիրեց, ինչպես ինքն ասաց, այսօրվա Հայաստանի գլխավոր խնդրին, գլխավոր մտահոգությանը, «որից կախված է մեր ապագան, մեր ազգի գոյության ապագան` դա Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակի խնդիրն է եւ արտագաղթի երեւույթը»:

Ըստ Տեր-Պետրոսյանի` Հայաստանի իշխանությունները խրախուսում են արտագաղթը ոչ միայն տնտեսական նկատառումներով, «որպեսզի տեր կանգնեն ժողովրդի ունեցվածքին, հողերին եւ դուրս մղեն մանր ու միջին գործարարներին, որ նրանց վերջին` մի փոքր հացին էլ տեր կանգնեն»: «Այս կասկածը անհիմն չէ, դա դուք էլ եք նկատում, եւ դրա մասին բացահայտ խոսեց Հայաստանի վայ-վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ասաց` «է շատ լավ էլ անում են, որ արտագաղթում են, բա ինչ ա` մնան էստեղ, որ հեղափոխությո՞ւն անեն»։ Հետո, հետո նա փորձեց ասել, չգիտեմ, արդարանալ, թե ինքը կատակել է, բայց ազգի ցավի հետ այդպիսի կատակ անելը արդեն սադիզմ է` մեկ։ Երկրորդ` սա կատակ չէր, սա ֆրեյդիզմի արտահայտություն էր, իր ենթագիտակցությունն է նա որ կարողացել է այս ձեւով արտահայտել։ Սա բացարձակ համոզմունք է նրանց մոտ, բացարձակ համոզմունք, այո` վերացնեն այս ազգը, ինչքան հնարավոր է քչացնեն, որ իրենք հավիտյանս տիրեն այս ազգին», - հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը։

Իր ծավալուն ելույթի ընթացքում Հայաստանի առաջին նախագահը, պատմական, էմոցիոնալ-հոգեբանական, գենոֆոնդային, քաղաքական եւ ազգապահպանության-ազգային անվտանգության հարթություններում դիտարկելով Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրն ու արտագաղթը, մասնավորապես, նշեց, թե «արտագաղթում են հիմնականում ինտելեկտուալները, ուղեղները, արտագաղթում է ազգի սոցիալապես ակտիվ եւ պրոֆեսիոնալ հատվածը», ինչը բերում է ազգի քաղաքացիական ու քաղաքական ակտիվության նվազմանը եւ ի վերջո հանգեցնում ազգի որակի կորստին:

«Մեր ազգը իսկապես ազգային աղետի առջեւ է կանգնած», - շարունակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Եթե այսպես շարունակվի, արտագաղթը կանգ չառնի, մենք վերանում ենք ուղղակի, դառնում ենք մի փոքրիկ կղզյակ, մի Լյուքսեմբուրգ ենք դառնում` լավագույն դեպքում, եթե Հայաստանը պահպանվի որպես պետություն։ Կլինենք Լյուքսեմբուրգ մի օվկիանոսի կենտրոնում, մի կողմից` Իրանը` 120 միլիոն բնակչությամբ այդ ժամանակ կլինի, մի 30-40 տարի հետո, մյուս կողմից Թուրքիան է` 120 միլիոն, Ադրբեջանը կլինի 30-40 միլիոն, Վրաստանը կարող է լինել 4-5 միլիոն` մեր նման ազգ է, չգիտեմ, ոչ ավելի, գուցե ավելի պակաս, մենք կլինենք մեկուկես կամ մեկ միլիոնանոց մի պետություն։ Այսինքն, սա ոճիր էլ չէ` սա, չգիտեմ... չեմ ուզում ցեղասպանություն բառը օգտագործել, բայց ուրիշ բառ դժվար է գտնել»։

ՀԱԿ-ի առաջնորդը ընդգծեց` Հայաստանում այսօր առկա արտագաղթի պատճառներից երկուսը օբյեկտիվ են. մեկը հայ - թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցի կարգավորումն է, մյուսը` Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից:

Սակայն Տեր-Պետրոսյանը ընդգծեց, որ կան եւս երկու պատճառներ, որոնք նպաստում են Հայաստանից մարդկանց արտագաղթին` մեկը կոռուպցիան է, մյուսը` երկրում «օրինականության բացարձակ բացակայությունը»:

«Գոնե ժողովուրդը հույս ունենար, որ այս վիճակը կարող է փոխվել», - եզրափակեց իր ելույթը Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Ահա այս հույսն էլ է, որ վերջնականապես կտրել են, կամ պոկել են, կորզել են ժողովրդից։ Եվ եթե մեզ ձեզ հետ միասին չհաջողվի, այո, ապացուցել, որ կա այդ հույսը, եւ կարելի է ազատվել այս ավազակներից, այս սրիկաներից, այս տականքներից ...»։ «Դե լավ, մնացածը դուք ասացիք, ինձ ավելացնելու բան չկա», - իր խոսքն ավարտեց ՀԱԿ-ի առաջնորդը` արձագանքելով հանրահավաքի մասնակիցների «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներին։

please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG