Մատչելիության հղումներ

Այսօր հայտնի կդառնա 2011-ի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը


Նոբելյան մրցանակի մեդալը
Նոբելյան մրցանակի մեդալը
Հինգշաբթի օրը Ստոկհոլմում կհրապարակվի գրականության ասպարեզում 2011 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը:

Ավանդույթի համաձայն` մրցանակակրի անունը մինչեւ վերջին րոպեն գաղտնի է պահվում, այնուհանդերձ, արեւմտյան մամուլում արդեն իսկ կանխատեսումներ են հնչում, թե ովքեր են Նոբելյան մրցանակի ամենաիրական հավակնորդները:

Բավական տարածված մի տեսակետ կա, որի համաձայն` այս տարի, առաջին անգամ 1996 թվականից ի վեր, Շվեդական ակադեմիան մրցանակը ոչ թե արձակագրի է շնորհելու, այլ` բանաստեղծի:

Հավակնորդների թվում են աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտ Բոբ Դիլանը, շվեդ բանաստեղծ Թոմաս Տրանստրյոմերը, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի մշտական հավակնորդի համբավ ձեռք բերած սիրիացի բանաստեղծ Ադոնիսը: Ավելի քան երեք տասնամյակ Փարիզում բնակվող 81-ամյա սիրիացի այս գրողը, որի իսկական անունն է Ալի Ահմադ Սաիդ Ասբար, գրեթե ամեն տարի հայտնվում է Նոբելյան մրցանակակիրների ամենահավանական թեկնածուների շարքում։ Արեւմտյան գրաքննադատներից շատերի կարծիքով` Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին Նոբելյան կոմիտեն կարող է մեկ անգամ էլ վերադառնալ Ադոնիսի թեկնածությանը` այս անգամ ավելի բարեհաճ գտնվելով նրա գրական գործունեության հանդեպ։

Արձակագիրներից այս տարի որպես Նոբելյան մրցանակի հավակնորդներ են նշվում ճապոնացի Հարուկի Մուրակամին եւ ռուսաստանցի Վիկտոր Պելեւինը:

Ինչպես եւ ամեն տարի, այն անգամ էլ բրիտանական Ladbrokes բուքմեյքերական ընկերությունը հրապարակել է ամենահավանական թեկնածուների ցանկը, որը գլխավորում է սիրիացի Ադոնիսը` նրա հաղթանակի հավանակնությունը բրիտանացի բուքմեյքերները գնահատել են 6-ը 1-ին: Բոբ Դիլանի հաջողության հավանականությունը փոքր-ինչ ավելի ցածր է` 7-ը 1-ին:Երրորդ տեղում է Հարուկի Մուրակամին:

Ladbrokes-ի կանխատեսումները, սակայն, որպես կանոն, հազվադեպ են իրականանում: Այսպես, 2010-ին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած Մարիո Վարգաս Լյոսան անգամ տեղ չէր գտել Ladbrokes-ի ցուցակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG