Մատչելիության հղումներ

Սողանքի հետեւանքով անհետ կորածները դեռ չեն հայտնաբերվել


Որոնողա-փրկարարական աշխատանքները սողանքի վայրում

Որոնողա-փրկարարական աշխատանքները սողանքի վայրում

Արդեն երեք օր է` Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով 5 անհետ կորած կա: Սողանքի տակ մնացած 35 մեքենայից այս պահի դրությամբ փրկարարները հանել են 15-ը:

Պաշտպանության նախարարության ուղղաթիռներով երեկվանից հանել են մարդատար 11 մեքենա: Այսօր գործի են դրել նաեւ երկաթուղային կռունկն ու մեկ զրահամեքենա, որոնց օգնությամբ երկու բեռնատար եւ մեկ կռունկ են հանել փլվածքի գոտուց:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ուղղաթիռով հնարավոր չէ հանել 3 տոննայից ավելի տարողություն ունեցող մեքենաները: Նրանք դիմել են Վրաստանի փրկարարների օգնությանը` ավելի հզոր ուղղաթիռներ տրամադրելու խնդրանքով, սակայն վրացական կողմն ասել է, որ նման ուղղաթիռներ չունի: Երեկվանից որոնողա-փրկարարական աշխատանքներին միացել են նաեւ Շիրակի մարզի փրկարարները եւ զինվորականները:

Նախարարը նշեց, որ դեռ երեկ սողանքը չէր կանգնել:

«Հիմա մենք աշխատում ենք արդեն ծանր տեխնիկա օգտագործելով այս մյուս մեքենաները հանել: Մասնագետները ուսումնասիրություններ արել են, բայց շարունակում են, մեր սեյսմոլոգները, երկրաբանները միասին աշխատում են, որ տեսնենք գրունտի պնդությունը, որովհետեւ դա շատ կարեւոր է մեզ համար: Համատեղ նաեւ աշխատանքներ ենք տանում մեր գերատեսչությունների հետ, որ կարողանանք փրկարարական աշխատանքները տանել, տեսնել, որտեղից կարող ենք մարդկանց հայտնաբերել», - ասաց Երիցյանը:

Նախարարը ասաց, որ սողանքի ակտիվացմանը կարող էր նպաստել երկրաշարժը, անձրեւները, բացի այդ փլուզված սարի վերեւում ոռոգելի դաշտեր են գտնվում. հնարավոր է նաեւ, որ տարիների ընթացքում կուտակված ջուրը եւս սողանքի ակտիվացման պատճառ լինի:

«Այստեղ եղել է 3-բալլանոց երկրաշարժ, որը կարող էր սողանքի ակտիվացման պատճառ հանդիսանալ, բայց որ 100 տոկոսով ասեմ, որ միայն դա է եղել պատճառը, կարծում եմ, որ ոչ, որովհետեւ հորդառատ անձրեւ է եղել, եւ կարող է նաեւ դրա պատճառով լինի», - ասաց նախարարը:

Երեքշաբթի օրը «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր բջջային օպերատորների միջոցով փորձել գտնել անհետ կորածների գտնվելու վայրը: Արմեն Երիցյանը նշեց, որ արդեն փորձել են, սակայն նրանց գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել:

Երեկվանից գործի է դրվել նախկինում Այրումի պահածոների գործարան տանող երկաթուղային գիծը: Այն մեկ օրում վերականգնելուց հետո հիմա երկաթուղայինները տեսանելի վայրերից հանում են 20 տոննայի հասնող բեռնատարներ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Լեւոն Հակոբյանն ասաց, որ երկաթուղային կռունկը մինչեւ 80 տոննա տարողությամբ մեքենաներ հանելու հնարավորություն ունի:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը անտեղի է համարում անհետ կորածների հարազատների բողոքը այն մասին, որ փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում: Նա խոսել է կորած մարդկանց հարազատների հետ, բացատրել դեռեւս գործող սողանքի պայմաններում փրկարարական աշխատանքների վտանգավորությունը:

«Դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, դուք տեսնում եք, որ հանրապետության բոլոր մարզերն են ներգրավված, նախարարության եւ փրկարարական ծառայության բոլոր ուժերն են ներգրավված: Իհարկե, հասկանում եմ, մարդիկ հարազատ են որոնում: Բայց պետք է ասեմ, որ բոլորը ըմբռնումով են մոտենում», - ասաց մարզպետը:

Աղետի գոտում այսօրվանից նաեւ բուժկետ է գործում: Այս պահին մասնակի վերանորոգում են Նոյեմբերյանի ծայրում ընկած դաշտային ճանապարհը, որը ժամանակավորապես ծառայելու է որպես հիմնական: Բեռնատար մեքենաների երթեւեկությունը այս ճանապարհով արգելվել է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG