Մատչելիության հղումներ

Հայաստանում նշում են գրադարանավարների օրը, բայց գրադարանավարները անտեսված են


«Հանդիպման վայրը գրադարան» ծրագիրը այս տարի 2-րդ անգամ է իրականացվում Հայաստանում, որի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 7-ին: 2004 թվականից այդ օրը նշվում է որպես Գրադարանավարների օրը:

Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նշեց, որ այդ օրը բոլոր գրադարաններում միջոցառումներ են իրականացվելու:

Փոխնախարարի խոսքերով, հիմա իրենց ուշադրության կենտրոնում են գրականությունը, գրքին եւ բանավոր խոսքին վերաբերվող խնդիրները: «Հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական օտարալեզու գրքերի թարգմանությանը եւ նախարարության կազմում գտնվող մարզային գրադարանները վերանորոգելու խնդիրներին: 2012-ին շահագործման է հանձնվելու Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքը` հիմանորոգված վիճակում»:

Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Զարգարյանը խոսեց գրադարանավորների ու Ազգային գրադարանի խնդիրների մասին:

«Գրադարանավարի օրվան նվիրված Ազգային գրադարանը իր շրջիկ ավտոբուսով լինելու է տարբեր բուհերում, ցուցադրելու է գրականությունը եւ նվիրելու է գրքեր երիտասարդներին», - ասաց Զարգարյանը:

Հայաստանում այսօր գործում են 2488 գրադարաններ, որոնցից 13-ը մշակույթի նախարարության համակարգում են, 30-ը` Գիտությունների ազգային ակադեմիայի, 35-ը` Էկոնոմիկայի նախարարության, 1416-ը` Կրթության եւ գիտության նախարարության համակարգում, իսկ 973-ը համայնքային գրադարաններն են:

Մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Բերբերյանը նշում է. - «Այս տարիներին մարզային գրադարաններ են փակվել` ընթերցանության համար բավարար պայմաններ չունենալու պատճառով»:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Կենտրոնացված գրադարանների համալիրի թիվ 1 գրադանում մոտ 40.000 անուն գիրք կա: Գրքերը ավելանում են նվիրատվությունների միջոցով եւ թարմացվում են գրախանութներից գնելով` թաղապետարանի փոխանցած գումարով: Ըստ տնօրեն Սոնա Հովհանիսյանի, հնարավորության դեպքում փորձում են ձեռք բերել այն գրքերը, որոնց պահանջարկը մեծ է. - «Վերջերս մակրո եւ միկրո տնտեսագիտության 2 գիրք ենք գնել 20.000 դրամով, որովհետեւ պահանջարկը շատ-շատ էր: Հայ ժողովրդական հեքիաթների, Անդերսենի հեքիաթների գրքերը ամեն մեկը 3000, 5000 դրամ են: 17000 դրամ գումար էր տվել քաղաքապետարանը ընդհամենը 20 գիրք ենք առել»:

Չնայած Գրադարանավարի օրը նշվում է արդեն 7 տարի է, բայց նրանք նշում են, որ բացարձակ անուշադրության են մատնված` մանավանդ աշխատավարձի տեսանկյունից. - «Ստանում ենք 32.500 դրամ, որը նվազագույն աշխատավարձն է: Պահումներով դառնում է 32.900, ու սրանից կարող եք եզրակացնել գրադարանավարներին ուշադրություն դարձնում են, թե ոչ»:

XS
SM
MD
LG