Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցները անհանգստացած են մամուլի ազատության իրավիճակի վատթարացմամբ


Վերջին շրջանում դատական բազմաթիվ գործընթացների մեջ ներքաշված երկու օրաթերթերի` «Հրապարակ»-ի եւ «Ժամանակ»-ի խմբագիրները, ինչպես նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը փաստում են, որ վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականացնող օրենքի ընդունումից հետո Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության առումով իրավիճակի կտրուկ վատթարացում տեղի ունեցավ:

«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի համոզմամբ` արդեն իսկ հրատապ է դարձել համատեղ գործողությունների դիմելու միջոցով կանխել, զսպել մամուլի գործունեությունը կաշկանդող միտումները, քանի որ դա շատ հեռուն կարող է տանել:

«Կարող ենք արդեն արձանագրել, որ հայցերը ամենաարտառոց, ամենաանհեթեթ, ամենաանսպասելի բովանդակությունն ու ուղղվածությունն են ունենում: Այնպիսի մի պղտոր վիճակ է ստեղծվել այս ոլորտում, որ կարող են մեզ դատի տալ ուրիշի գրած հոդվածի, այլ տեղից արտատպած նյութի, որեւէ նյութի թարգմանության համար», - ասաց Օհանյանը:

«Հրապարակի խմբագիրը հիշեցնում է, որ երբ Քաղաքացիական օրենսգրքի մեջ կատարվում էին այս փոփոխությունները, օրենքի «հայրերը» բացատրում էին, որ նպատակը քաղաքացիներին մամուլի անհարկի ոտնձգություններից պաշտպանելն է, մինչդեռ, ըստ նրա, բավական է թվարկել մամուլի դեմ հայցեր ներկայացնողների անունները, եւ վիճակը պարզ կդառնա:

«Այս ընթացքում դատարան դիմել է Տիգրան Արզաքանցյանը, Լեւոն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարը, Միկա Բաղդասարովը, Ռուբեն Հայրապետյանը: Այսինքն դիմում են միայն օլիգարխներ, իշխանության մեջ գտնվող անձինք, եւ այստեղ որեւէ հասարակ, շարքային քաղաքացի չկա», -ասաց Օհանյանը:

«Ժամանակ»-ի խմբագիր Արման Բաբաջանյանը համոզված է, որ օրենքի հիշյալ փոփոխությունը, ըստ էության, ծառայեցվեց բացառապես լրատվամիջոցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն:

«Ես վստահ եմ, որ օրենքի այս փոփոխությունը պատվիրել է նախագահականից», - համոզմունք հայտնեց Բաբաջանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG