Մատչելիության հղումներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանի խոսքով, հոկտեմբերի 4-ի դրությամբ, Մյասնիկյան պողոտայում վերջերս վնասազերծված բանդայի անդամներից բանդիտիմզի վերաբերյալ քննվող քրեական գործով կալանավորվել է 7 անձ:

«Որոնցից 6-ը բանդայի անդամներ են, այդ թվում` բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանը` «Կասիչկա» մականունով: Մեր ունեցած տեղեկություններով, այդ մականունը ձեռք է բերել հոգեբուժական հիվանդանոցում մազերի համապատասխան սանրվածքի պատճառով: Իսկ 7-րդը բանդայի վնասազերծման ժամանակ մահացած «Եթում» մականունով Գուրգեն Հայրապետյանի ազգականն է, որը մեղադրվում է խոշոր չափի թմրամիջոց ապօրինի պահելու մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Հարցին, թե ինչով է բացատրվում, որ, ձերբակալված 10 անձանցից կալանավորվել են ընդամենը 7-ը, Բաբայանը պատասխանեց. - «Ես ձեզ ներկայացրեցի կոնկրետ բանդիտիզմի վերաբերյալ քննվող քրեական գործով կալանավորվածների վերաբերյալ տեղեկությունը: Իսկ ձերբակալված-կալանավորվածների թիվն ավելին է եղել. ուղղակի նրանք այս պահին կալանավորված են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով: Մի դեպքում` ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, մեկ այլ դեպքում` թմրամիջոց ապօրինի պահելու մեղադրանքով»:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արտուշ Հակոբյանը, ով «Սուրիկի լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին է, ժամանակին դատապարտվելուց հետո հարկադիր բուժման է ուղարկվել հոգեբուժարան, որտեղից փախել է: Այս առնչությամբ քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալը ասաց. - «Թե ինչով է պայմանավորված, որ նախկինում ինքը հոգեբուժական հիվանդանոցներում է եղել, հետո դրսում է հայտնվել, ես այս պահին այդ տեղեկությունները չունեմ: Ինչ է սպասվում մեզ. Իհարկե` օբյեկտիվ նախաքննություն, իհարկե` արժանի պատիժ հանցագործություն կատարած անձանց: Նախաքննության բազմակողմանիության եւ լրիվության սկզբունքները պարտադրում են մեզ, որ, այո, քննության առարկա դառնան նաեւ այդ հանգամանքները»:

Մուշեղ Բաբայանը չի բացառում, որ նախաքննության ընթացքում գործով նոր անձինք ներգրավվեն. - «Ըստ էության, այս պահին, մեր ունեցած նյութերով, տվյալներով, բանդայի ողջ կազմը հայտնի է. մեկը մահացել է, մնացածը վնասազերծված-կալանավորված են: Բայց չի բացառվում, որ նախաքննության ընթացքում ի հայտ գան մարդիկ, որոնք տարբեր փուլերում տարբեր գործողություններով տարբեր միջոցներով օգնած, օժանդակած լինեն բանդայի անդամներին, եւ նրանք էլ ենթարկվեն պատասխանատվության: Այդ ուղղությամբ նախաքննությունը դեռեւս շարունակվում է»:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե հայտնի են բանդայի պարագլուխները: Բաբայանը հստակեցրեց. - «Խոսքը վերաբերում է Արտյուշա Հակոբյանին եւ մահացած Գուրգեն Հայրապետյանին: Ըստ էության, ինտելեկտուալ ղեկավարը Արտուշ Հակոբյանն էր, իսկ ավելի ուժային, բռնության հակված բանդայի անդամը, կազմակերպիչը` Գուրգեն Հայրապետյանը»:

Հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հայտարարել էր, թե փորձ է արվում իր ձեռքից խլել բիզնեսը, դրա համար էլ իր ընտանիքի անդամներին կալանավորում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG