Մատչելիության հղումներ

Վերշբոուն բացառում է Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը


Միացյալ Նահանգները գործադրում է բոլոր ջանքերը` վստահ լինելու համար, որ Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում փոխգործողությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը եւ չի վտանգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մշակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։ Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով տեւական կարգավորմանը», - ասել է Վերշբոուն` հավելելով, որ այդ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա` «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվառմամբ»։

«Ինչպես եւ նախկինում, Միացյալ Նահանգները ձգտում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին հասցնել` ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջոցով, որ հակամարտության լուծում ռազմական ճանապարհով գոյություն չունի։ Մենք շարունակում ենք հակամարտության կողմերին կոչ անել դրսեւորել զսպվածություն` նվազագույնի հասցնելու համար սխալվելու վտանգը։ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են օժանդակել Հայաստանին եւ Ադրբեջանին` գիտակցելու, որ վերադարձը բացահայտ հակամարտությանը աղետալի հետեւանքներ կունենա ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք վերահաստատում ենք նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարությունը` արված մայիսի 26-ին Մեծ ութնյակի [Դովիլի] գագաթնաժողովում առ այն, որ հակամարտության միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կհանգեցնի խաղաղության, կայունության եւ հաշտեցման», - ընդգծել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG