Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Բրյուսել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձեւաչափով հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում կքննարկվեն Աֆղանստանում տիրող իրավիճակը, դաշինքի հետագա ռազմավարությունը եւ իրականացվող գործողություններին վերաբերող այլ հարցեր:

Պաշտպանության նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը Սեյրան Օհանյանը կմասնակցի նաեւ Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերում Գերմանիայի հրամանատարության ներքո գործող Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում կհամաձայնեցվի եւ կհրապարակվի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների համատեղ կոմյունիկեն:

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի, Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսի եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG