Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 11 տոկոսն է հավատում, որ իշխանությունը Մեդվեդեւի ձեռքում է


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, Մոսկվա, 24-ը սեպտեմբերի, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ, Մոսկվա, 24-ը սեպտեմբերի, 2011թ.

Ռուսաստանցիների զգալի մասը համոզված է, որ իրական իշխանությունը երկրում վարչապետ Վլադիմիր Պուտինի ձեռքում է: Սա են վկայում մոսկովյան ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Լեւադայի կենտրոնի հրապարակած վերջին հետազոտության տվյալները:

Եթե մինչեւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության` սեպտեմբերին տեղի ունեցած համագումարը, որի ընթացքում հայտարարվեց նախագահի պաշտոնում Պուտինի առաջադրման մասին, վարչապետի միանձնյա իշխանության մասին էր խոսում ռուսաստանցիների 27 տոկոսը, ապա այժմ այս տեսակետին հակվածների թիվը մոտ 40 տոկոս է:

Հարցվածների 45 տոկոսը համարում է, որ Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը հավասարապես են տնօրինում իշխանական լծակները, եւ միայն ռուսաստանցիների 11 տոկոսն է անկեղծորեն հավատում, թե իրական ողջ իշխանությունը կենտրոնացած է գործող նախագահի ձեռքում:

Ռուսաստանցիների 51 տոկոսն էլ Լեւադայի կենտրոնի մասնագետների հետ զրույցում պնդել է, որ նախագահ Մեդվեդեւն իրականում գործում է Վլադիմիր Պուտինի եւ նրա շրջապատի աչալուրջ հսկողության ներքո:

Այս ամենի ֆոնին, սակայն, հարկ է նշել, որ նախկին նախագահ Պուտինի վարկանիշը համեմատաբար ցածր է:

Հարցման տվյալների համաձայն` եթե նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցնեին առաջիկա կիրակի օրը, ապա Վլադիմիր Պուտինը կստանար քվեների 27 տոկոսը:

Հարցվածների 13 տոկոսը, այնուամենայնիվ, կգերադասեր քվեարկել Դմիտրի Մեդվեդեւի օգտին, թեեւ Ռուսաստանի գործող նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ չի առաջադրվելու 2012-ի մարտին կայանալիք ընտրություններում:

Մյուս թեկնածուների վարկանիշները շատ ավելի ցածր են։ Մասնավորապես, կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 6, իսկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու օգտին` 5 տոկոսը:

Հարցվածների եւս 21 տոկոսը դեռ չի կողմորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, իսկ ռուսաստանցիների 11 տոկոսը պնդում է, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու որեւէ ցանկություն չունի:

Նույն Լեւադայի կենտրոնի հետազոտությունների համաձայն` դժգոհությունն իշխանությունների գործունեությունից ռուսաստանցիների շրջանում գնալով աճում է։ Եթե 2010-ի հոկտեմբերին ռուսաստանցիների միայն 31 տոկոսն էր կարծում, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ապա այժմ նման մոտեցման կողմնակիցների թիվը հասել է 40 տոկոսի։

Մեկ տարում Մեդվեդեւի գործունեությունը հավանության արժանացնողների թիվը կրճատվել է 14, իսկ Պուտինի գործունեությանն աջակցողների թիվը` մոտ 10 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG