Մատչելիության հղումներ

logo-print
Կոնգրեսի հայտարարությունը երեքշաբթի երեկոյան Ազատության հրապարակում ընթերցեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Հոկտեմբերի 3-ին իշխանությունները տարածել են ընդդիմության հասցեին էժանագին խրատներով համեմված մի հայտարարություն, որը բանակցությունների վերսկսումը պայմանավորում է շուրջօրյա հանրահավաքների ավարտով: Դնելով նման պայման` իշխանությունները ապացուցում են հավաքների ազատությունը մերժող իրենց հակադեմոկրատական բնույթը, ինչպես նաեւ փորձում են նենգափոխել օրինական իշխանության ձեւավորման համար պայքարող ժողովրդի եւ ոչ-օրինակարգ իշխանության միջեւ հակամարտության էությունը մի քանի վրանի տեղադրման օրինականության շուրջ անհեթեթ վիճաբանությամբ: Նման պահվածքը նաեւ մատնում է իշխանության վախը Ազատության հրապարակում մեր կազմակերպած հանրահավաքների նկատմամբ», - ասված է հայտարարությունում: - «Հայ Ազգային Կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծումը այսուհետեւ տեսնում է միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ»:

«Ընթացիկ երկխոսությունը նախաձեռնվել էր Հայ ազգային կոնգրեսի կողմից, իսկ ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք`ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին», - նշված է ՀԱԿ-ի պատասխան հայտարարության մեջ:

Մեկ այլ հայտարարություն` ընդունված Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից, հրապարակեց Դավիթ Շահնազարյանը: Այս հայտարարությունը վերաբերում է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտի` վերջերս ՍԻՎԻԼԻԹԱՍ կազմակերպությունում ունեցած ելույթին, որը, ՀԱԿ-ի գնահատմամբ, «պարունակում էր դեսպանի կարգավիճակին անհարիր արտահայտություններ»:

«Կոնգրեսն առաջին դեպքից հետո զերծ էր մնացել այդ կապակցությամբ որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ դա համարելով դեսպանի կողմից մի մարդկային պատահական պարզ սայթաքում, ուշադրության անարժան փաստ։ Սակայն դեսպանի համառությունը ցույց է տալիս, որ դա պատահականություն չէ, այլ միտում, ինչը տվյալ դեպքում դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից», - ասված է հայտարարության մեջ: - «Գերմանիայի դեսպանի այս արտառոց պահվածքը մենք համարում ենք կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին։ Այս փաստի վրա հրավիրում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ուշադրությունը։ Վստահ ենք, որ դեսպանի պահվածքը չի արտահայտում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը եւ թելադրված է այլ դրդապատճառներով»։

Հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն առավելապես վերաբերում էր կադրային քաղաքականությանն առնչվող հարցերի: Կոնգրեսը, ըստ Տեր-Պետրոսյանի, իշխանության գալու դեպքում, երբեւէ այլ ուժերի հետ գործարքի չի գնալու: Այնպես, ինչպես դա 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո արեցին որոշ կուսակցություններ:

Ընդ որում, մինչեւ այդ, ըստ ՀԱԿ առաջնորդի, նման գործարք առաջարկվել է հենց իրենց, ինչին չեն համաձայնել. - «Ուղղակի գործարք էին առաջարկում. այս պաշտոնը մեզ կտաս` մենք կմտնենք այդ դաշինք: Ես այսպիսի գործարքի, նույնիսկ հանուն մեր հաղթանակի, երբեք չեմ գնացել եւ չեմ գնա»:

«Իշխանության գալուց հետո մենք պետք է ձգտենք ստեղծել մերիտոկրատիա, մերիտոկրատիվ պետություն», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը` պարզաբանելով, որ դա կարելի է թարգմանել իբրեւ արժանավորների պետություն: Այդ սկզբունքը, ըստ ՀԱԿ առաջնորդի, հազարամյակների ավանդույթներ ունի. - «Գլխավոր սկզբունքը լինելու է պաշտոնյաների, կադրերի արժանիքը: Ով ինչ պաշտոնի արժանի է, դրանից ավելին չի զբաղեցնելու»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG