Մատչելիության հղումներ

Հիմնվել է Հայ-ֆրանսիական գործարարության ակումբ


Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյան

Այս շաբաթ Հարավային Կովկաս է այցելում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Ֆրանսիայի նախագահի այցի նախօրեին ստեղծվել է Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը, որը նպատակ ունի նպաստել ֆրանսիական կամ հայ-ֆրանսիական ընկերությունների գործունեությանը:

Ֆրանսիայի դեսպանատանը այսօր ակումբի ստեղծմանը նվիրված միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւան պաշտոնական այցելության ժամանակ քննարկվելիք հարցերից մեկը կլինի ղարաբաղյան խնդիրը:

«Մենք կքննարկենք տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ֆրանսիան կարեւոր դերակատար է նաեւ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, բնականաբար, կարեւոր ուշադրություն կդարձվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին», - ասաց արտգործնախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ կքննարկվի նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը: Նալբանդյանը նշեց, որ Ֆրանսիան երկրորդ ներդրողն է Հայաստանում, եւ ֆրանսիական ընկերությունների քանակը գնալով ավելանում է հենց հայ-ֆրանսիական հարաբերությունների շնորհիվ:

«Մի քանի տարի առաջ այստեղ միայն 70 ձեռնարկություն ունեինք, բայց վստահաբար մեր ներուժը շատ ավելի մեծ է: Այսօր տեսնում ենք, որ 155 [ձեռնարկություն կա]: Հուսով եմ, որ 5 տարի հետո մենք կխոսենք երկու անգամ, ինչու ոչ ավելի ձեռնարկությունների մասին», - ասաց արտգործնախարարը:

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը հիմնվել է Հայաստանում ֆրանսիական եւ հայ-ֆրանսիական մի քանի խոշոր ձեռնարկատերերի եւ ընկերությունների ղեկավարների միջոցով, ինչպիսին են «Օրանժ»-ը, «Հայջրմուղկոյուղի»-ն եւ եւս հինգ ընկերություններ:

Հիմնադիրներից Արման Փինարբասին, ով «Գրանդ թորնթոն» ընկերության նախագահն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ակումբի հիմնական նպատակը 155 ընկերությունները համախմբելն էր:

«Ֆրանսիացի բիզնեսմենների մեջ անձնական հիմքերի վրա հարաբերություններ կային, բայց կազմակերպված ձեւով չկա: Ակումբի կարիքը կար, քանի որ ֆրանսիացիները, լինելով երկրորդ ներդրողը Հայաստանում, կազմակերպված կառույց չունեին, որ իրար հետ շփվեին», - ասաց Փինարբասին:

Հայաստանում արդեն մի քանի տարի գործարարությամբ զբաղվող Աշխեն Գործունյանի կարծիքով` սփյուռքահայերի համար Հայաստանում բիզնես հիմնելը նախկինում ավելի շատ հայրենասիրության դրսեւորում էր, իսկ Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի միջոցով իրենք փորձելու են Հայաստանը գրավիչ դարձնել օտար ներդրողների համար:

«Մեծ առավելություն կլինի, եթե Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն, եւ երիտասարդությունը մնա Հայաստանում: Ես միայն դա կմաղթեմ, որովհետեւ Հայաստանին դա պետք է», - ասաց Գործունյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնական այցը Հարավկովկասյան տարածաշրջան կսկսվի երկու օրից` հոկտեբմերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG