Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորը արդյունավետ չի համարում ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքները


Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):
Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը բավական ցածր է գնահատում Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների արդյունավետությունը:

«Ակնհայտ է, որ երկխոսություն կոչվածը ձախողված է, եւ քանի որ հասարակությունը կապ չունի երկխոսության օրակարգային հարցեր հանդիսացող խնդիրների հետ, բնականաբար, հասարակությունը օտարված էր այդ պրոցեսից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Մինասյանը` շարունակելով. - «Հիմա ՀԱԿ-ը փորձում է այս քայլով վերականգնել որոշակի վստահությունը, բայց չեմ կարծում, որ հասարակությունը կհամախմբվի արդեն մի քանի անգամ ձախողված ուժի շուրջը»:

Բացի այդ, ըստ Մինասյանի, այս ակցիաները չեն կարող հաջողություն ունենալ այն պատճառով, որ արտահերթ ընտրությունների պահանջը «արհեստական է». - «Բոլորն էլ հասկանում են, որ արտահերթ ընտրություններ չի կարող լինել ոչ միայն նրա համար, որ իշխանությունը չի ցանկանում, այլ որովհետեւ դրա հասարակական պահանջի հասունացման մակարդակն է ցածր: Ի վերջո, ժամկետի տեսակետից արտահերթ ընտրությունները պարզապես անտրամաբանական են դառնում: Առավել եւս` երբ խոսում ենք այնպիսի Ընտրական օրենսգրքով ընտրությունների մասին, որը բավարար երաշխիքներ չի տալիս ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար»:

Իրականում, ըստ նրա, ականատեսն ենք հասարակական համախմբման վերացմանը, քանի որ Կոնգրեսը «ինքն իրեն հռչակել է միակ եւ ճշմարիտ ընդդիմության»:

Անդրադառնալով երկխոսության վերսկսման հեռանկարին` դաշնակցական պատգամավորն ասաց, թե կրկին փորձ է արվում «արհեստական պրոցես սկսել», քանի որ «այն ռեսուրսով, որ հիմա ունի Կոնգրեսը, անհնար է իշխանություններին որեւէ բան պարտադրել»:

Մեկնաբանելով կոալիցիոն աշխատանքային խմբի հայտարարությունը, թե «մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի [շուրջօրյա հանրահավաքների] ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»` Մինասյանն ասաց. - «Սա նվազագույն պատասխանն է, որ պետք է տրվեր, որովհետեւ չի կարելի հավաքել ժողովրդին հրապարակում նստացույցի անվան տակ եւ ասել, որ պարտադրում ենք ձեզ` նստեք մեզ հետ երկխոսության, զրույցի: Զրույցը կար, ինչո՞ւ ընդհատեցիք»:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` անցած 4 օրերը ցույց տվեցին, որ «երկրի ներսում առկա խնդիրների լուծմանը հանգեցնող որեւէ գործընթաց Ազատության հրապարակում տեղի չի ունենում»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

«Դրանց արդյունքում չկա գործընթաց, որի արդյունքում ինչ-ինչ արտահերթ պրոցեսներ կլինեն, ընտրություններ կլինեն: Իշխանությունը շատ հանգիստ է իրեն զգում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների պահանջին` նրա խոսքով, դրա կարիքը իսկապես կա, սակայն «այսօր դրան տանող որեւէ գործընթաց չկա»:

Մարտիրոսյանի կանխատեսմամբ` Կոնգրեսը կդադարեցնի բողոքի ակցիան եւ վերադառնա երկխոսության սեղանի շուրջ. - «7-օրյա ժամկետ է նախատեսված: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ ինքը մաքսիմալիստ չէ, ուստիեւ այդ խոսքերի շրջանակներում տրամաբանականը դառնում է այն, որ 7 օր հետո դադարեցվում է, եւ երկխոսությունը շարունակվում է»:
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG