Մատչելիության հղումներ

logo-print

ՄԻՊ գրասենյակը հրապարակել է կրպակների հարցով միջանկյալ ամփոփումը


Կրպակատերերի բողոքի ցույցը կառավարության շենքի մոտ: 29-ը սեպտեմբերի, 2011թ.

Կրպակատերերի բողոքի ցույցը կառավարության շենքի մոտ: 29-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Երեւանի կրպակների ապամոնտաժման խնդրի հարցով իր միջանկյալ ամփոփումը:

Գրասենյակը խնդիրը բաժանել է երեք մասի. ապօրինի ապամոնտաժում, երբ գոյություն ունեն հողի վարձակալությունը հաստատող հստակ եւ դեռեւս չսպառված ժամկետով փաստաթղթեր, օրինական ապամոնտաժում, երբ քաղաքացուն հողը վարձով է տրվել անորոշ ժակետով, իսկ ապամոնտաժման մասին քաղաքապետարանը քաղաքացուն ծանուցել է երեք ամիս առաջ, եւ օրինական ապամոնտաժում, երբ քաղաքացին հողը զբաղեցնում է առանց վարձակալելու:

Պաշտպանի գրասենյակի իրավական գնահատականը վերաբերում է 56 անհատական եւ մեկ կոլեկտիվ դիմումներին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ 56 անհատական դիմումից 25-ը փաստորեն չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթուղթ, հետեւաբար դրանց ապամոնտաժումը ապօրինի համարվել չի կարող:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Իսկ 25-ի դեպքում, ինչքան էլ ցավալի է, ինչքան էլ ես հասկանում եմ, որ սեփականատերերին դա դուր չի գա, իրենք իրավական հիմքերով չեն գործել: Եվ այդ 25-ի դեպքում իրենք չեն կարող ակնկալել, որ իրենց կրպակները չապամոտնաժվեն օրենքի շրջանակներում», - ասաց նա:

Անդրեասյանը նշեց, որ 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը կասեցվել է իրենց միջոցով ու միջամտությամբ, քանի որ քաղաքապետարանն իր գործունեության ընթացքում որոշակի խախտումներ, այնուամենայնիվ, թույլ է տվել. - «Փափազյան փողոցի կրպակների ժամանակ, երբ եղավ իմ կոշտ հայտարարությունը, պատճառն այն է, որ բավարար չափով չուսումնասիրելով ամեն կրպակի իրավական հիմքերը, սկսել էին գործընթաց, որի մեջ կային ոչ իրավաչափ գործողություններ»:

Կրպակատարերից Արեւիկ Ղազարյանը համաձայն չէ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի այն եզրահանգման հետ, թե անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով գործող կրպակների ապամոնտաժումը կարող է օրինական լինել միայն երեք ամիս առաջ սեփականատերերին ծանուցելու դեպքում: Նա վկայակոչեց Երեւանի նախկին քաղաքապետի ու կառավարության տարիներ առաջ ընդունված որոշումները. - «Անորոշ ժամկետով կնքված կարող են համարվել նույնիսկ բոլոր կրպակները, քանի որ դեռ 2006 թվականին եղել է քաղաքապետի որոշում»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ում միջոցով կրպակատերերը պատրաստվում են դիմել դատարան, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանի այն եզրահանգումը, որ երեք ամիս առաջ ծանուցելու դեպքում անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով գործող կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական, ճիշտ է` եթե կրպակատարերին փոխհատուցում տրվի:

«Եթե չպետք է համարժեք փոխհատուցում տրվի, սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, որովհետեւ քաղաքացին 15, 20, 40 տարի օգտագործել է այդ տարածքը, եկամուտներ է ստացել, հիմա իրենից վերցնում են դա, փոխհատուցում չեն տալիս», - ասաց փաստաբանը:

Մինչդեռ Անդրեասյանը սա իրատեսական չի համարում: Նա գտնում է, որ փոխհատուցման մասով հիմքերը ըստ էության չկան: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եզրահանգել է նաեւ, որ կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելը անհնար է:

«Երկար ուսումնասիրելուց հետո, փորձելով տեսնել ամեն դրույթի մեջ հակասահմանադրականության խնդիր, մենք չկարողացանք տեսնել որեւէ հակասահմանադրական դրույթ», - ասաց Կարեն Անդրեասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG