Մատչելիության հղումներ

Չարենցավանից երթուղայինով հնարավոր չէ հասնել Երեւան


Այսօր Չարենցավան-Երեւան երթուղայիններից մեկին Աբովյանի պետավտոտեսչության անցակետում Կոտայքի մարզի պետավտոտեսուչները մեքենայի անսարքության պատրվակով թույլ չտվեցին մտնել Երեւան:

Ուղեւորների հարցերին ի պատասխան պետավտոտեսուչն ասաց, որ դեռ մի քանի կիլոմետրի վրա իրենք նկատել են մեքենայի անսարքությունը, եւ «մեքենան չի կարող տեղաշարժվել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես պետավտոտեսուչը աչքի համար անտեսանելի հեռավորության վրա հասկացավ, որ մեքենան անսարք է, Կոտայքի մարզի ոստիկանության մայոր ներկայացած Նվեր Խուդավերդյանը պատասխանեց` հենց հիմա վարորդին ասել եմ, որ վերացնի մեքենայի անսարքությունը, ու խնդիրը կլուծվի: Ապա հավելեց. - «Ձայնագրիչն անջատիր, խնդրում եմ, ամեն ինչ կասեմ»:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լեւոն Գեւորգյանը, ով նույն երթուղայինի ուղեւորներից էր, ասաց. - «Վերադառնում էի Չարենցավանից Երեւան, մեքենան կանգնեցրեցին` պատճառաբանելով, որ արգելակները նորմալ չեն: Երեւի էքստրասենսի հատկություններ ունեին պետավտոտեսուչները, որ կարողացան կիլոմետրերով պարզել արգելակների վիճակը: Ոստիկանությունը խոչընդոտում է մեր ազատ երթեւեկելու իրավունքը»:

Քիչ անց, սակայն, Խուդավերդյանն արգելեց վարորդին վարել մեքենան:

«Տեսեք խնդրեմ, բոլոր գազելները Երեւան են գալիս առանց ուղեւորի, կամ գալիս են ու էստեղից hետ դառնում: Տեսնո՞ւմ եք` հիմա մի քանի գազելներ նույնպես կանգնած են ու չեն կարողանում Երեւան գնալ, նրանք էլ անսարքություն ունե՞ն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ուղեւորներից Անի Ռոստոմյանը:

Երթուղայինի ուղեւորները ստիված եղան պատահական տաքսիներով շարունակել ճանապարհը:

Չարենցավան-Երեւան երթուղայինի վարորդը, չձայնագրվելու պայմանով, ասաց, որ պետավտոտեսուչն իր վրա բարկացել է, թե` «չե՞մ ասել, որ Երեւան չեք կարող իջնել, ինչո՞ւ ես եկել»:


Ուղեւորներից մեկն էլ մեզ ասաց, որ ինքն ուսանող է եւ փաստորեն այսօր այլեւս չի կարող դասի գնալ. - «Դասի էի գնում, ԵՊՀ-ում եմ սովորում, անգամ ուսանողներին չեն թողնում գնալ դասի: Չարենցավանից գալիս էինք Երեւան, գայի պոստի մոտ կանգնեցրեցին ու ասացին, որ չենք կարող գնալ: Չեմ հասկանում հանրահավաքը մեզ հետ ի՞նչ կապ ունի»:

Հենց տեղում կապվեցինք Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի հետ, ով ասաց, թե «ոչ մի ճանապարհ փակ չէ, եւ բոլոր մեքենաներն ու երթուղայինները անարգել երթեւեկում են»:

Այնինչ շուրջ 1 ժամ Աբովյանի պետավտոտեսչության անցակետում մեր ներկայության պահին մարզերից Երեւան եկող երթուղայիններն առանց ուղեւորների էին, իսկ ուղեւորներով լի երթուղայինները տարբեր պատրվակներով պետավտոտեսուչները կանգնեցնում եւ հետ էին ուղարկում:
XS
SM
MD
LG