Մատչելիության հղումներ

«Դարձ ի շրջանս յուր»` կայք հայրենադարձության մասին


Երեքշաբթի տեղի ունեցավ «Դարձ ի շրջանս յուր» ծրագրի վեբ-կայքի` hayrenadardz.org-ի շնորհանդեսը: Ծրագրի հեղինակը` գրող, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանը այս կայքի միջոցով փորձում է լույս սփռել 1946-1948 թվականներին Հայաստանում տեղի ունեցած կարեւոր մի իրադարձության` հայրենադարձության եւ դրա հետեւանքների վրա:

Կայքը ստեղծվել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Կայքում կա անհատների ցուցակ, տեսադարան, ֆոտոարխիվ, գրքեր, մամուլ, մարդկային պատմություններ եւ այլն: Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ Տիգրան Պասկեւիչյանի նկարահանած վավերագրական տեսաֆիլմը հայրենադարձության մասին: Կայքն ու ֆիլմը միասին ներկայացնում են երկրորդ աշխարհամարտից հետո դեպի հայրենիք տունդարձի ճանապարհը բռնած մարդկանց պատմությունը, որոնք, անսալով հայրենիք գալու Խորհրդային Հայաստանի ղեկավարների կոչին, եկան Հայաստան, բայց մի մասը հայտնվեց խորհրդային ճամբարներում:

«Արդյունքում ստացվեց մի բան, որ կազմակերպվեց մի շատ մեծ, համազգային միջոցառում, որը հետո ունեցավ նաեւ ողբերգական հետեւանքներ, բայց ունեցավ նաեւ դրական կողմեր, շատերը աքսորվեցին Սիբիր, շատերը բռնությունների ենթարկվեցին… իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի համար, մշակույթի համար բավական բարերար ազդեցություն ունեցավ», - կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց Տիգրան Պասկեւիչյանը:

Հայրենադարձության շնորհիվ Հայաստանն ունեցավ այնպիսի աշխարհահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Տիգրան Մանսուրյանը, Օհան Դուրյանը, Հակոբ Հակոբյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլք:

«Եթե չլիներ այս մեծ հայրենադարձությունը (երկու տարում մոտ 95 հազար մարդ եկավ Հայաստան), չէր լինի նաեւ մեծ արտագաղթը», - ասաց Տիգրան Պասկեւիչյանը` նկատի ունենալով անցյալ դարի 70-ականներից սկսված արտագաղթը, երբ հայրենադարձվածներից շատերը ինչ-որ կերպ իմաց էին տալիս արտասահմանում մնացած իրենց հարազատներին` հորդորելով ետ կանչել իրենց ընտանիքները Խորհրդային Հայաստանից:

Կայքը ունի խմբագրի խոսք, որտեղ Տիգրան Պասկեւիչյանը գրում է. - «Եթե ընդունենք, որ մարդը լավ կյանքի ձգտելով է տեղից տեղ գնում, այսինքն` նոր տեղ փնտրում, պարզ կդառնա, որ գալն էլ, գնալն էլ արկածախնդրություն է: Մեկը հանուն Հայրենիքի, մյուսը հանուն ընտանիքի, երեխաների ապագայի եւ այլն: Երկու դեպքում էլ մարդը կորչում է: Գալիս է հայրենիք, անարդարության, անիրավության, բռնության, մի խոսքով` ամեն տեսակ անհարմարության մեջ է կորչում: Գնում է հայրենիքից` օտարությունն է կլլում: Եվ գուցե հենց ինձ եմ փնտրում հազարավոր կենսագրություների վիճակագրության մեջ` հաստատ իմանալով, որ ճշմարտությունն այլուր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG