Մատչելիության հղումներ

«Հայֆեստ» միջազագային թատերական փառատոնին Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողներից կազմված թատերախումբը ներկայացրեց Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործությունը:

Ռուս մեծանուն գրողի «Քիթը» բնութագրվում է որպես աբսուրդ արձակ: Գոգոլի մոտ առհասարակ աբսուրդն ու ֆանտաստիկան ավելի շատ են, քան ռուս դասական այլ գրողների մոտ, իսկ «Քիթը» մեկնաբանվում է տարբեր կերպ՝ քիթը որպես տղամարդկություն արտահայտող օրգանից մինչեւ այն, որ մարդը գնահատվում է միայն այն նյութական արժեքների համար, որոնք նա կրում է:

Մայոր Կովալյովը մի առավոտ բացահայտում է, որ իր քիթը կորել է: Նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ հանդիպում է իր սեփական քթին` զբոսնելիս քաղաքի փողոցներով եւ ներկայանալով բոլորին որպես բարձրաստիճան պաշտոնյա:

Ինչպես թատերական գործիչներից մեկը ներկայացումից հետո նկատեց, այս ստեղծագործության տարբեր հնարավոր բեմադրություններից ռեժիսորն ընտրել էր ամենաօպտիմալը:

«Պատկերացնենք, որ մի օր մեզ մարդու տեղ չգնահատեն, այլ մեր փոխարեն սկսի գործել մեր մի առարկան: Ինչի՞ կարող է հասցնել մարդուն նյութականի ճանապարհով գնալը: Երբ սկսում ես գնահատել նյութական արժեքները, դու ինքդ դառնում ես ավելի ցածր, քան այդ նյութական արժեքները», - ասաց ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը:

Ներկայացումը ռուսերեն էր, խաղում էին երկու տիկնիկ եւ երեք աղջիկներ:

«Մեզ մոտ տիկնիկը հենց Կովալյովն է, իսկ նրա քիթը խաղում է դերասանը: Այդպիսով ուզել ենք ցույց տալ, որ նյութականի հետեւից գնալով՝ մարդը դառնում է առարկա, իսկ քիթը, որ առարկա էր, դարձավ գործող անձ», - ասաց ռեժիսորը:

Դերասանուհիներից յուրաքանչյուրը խաղում էր մի քանի դեր: Նրանք խոստովանեցին, որ չնայած իրենց խիտ գրաֆիկին, հաճույքով են աշխատել այս ներկայացման մեջ:

«Միասին նստել-մտածել ենք կերպարների շուրջ, խոսել ենք, բացել ենք եւ շատ ավելի ենք բացահայտել, քան երբ առանձին-առանձին կարդացել էինք ստեղծագործությունը», - ասաց դերասանուհիներից Սոնան:

XS
SM
MD
LG