Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կարգավիճակ է ակնկալում Ղարաբաղի խորհրդարանի համար


ԵԽԽՎ-ի լոգոն

ԵԽԽՎ-ի լոգոն

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) շարունակում է իր աշխատանքները, Հայաստանի մասին բանաձեւի նախագիծը վաղն է քննարկվելու, այսօր քննարկվում է Պաղեստինի խորհրդարանին այդ կառույցում «դեմոկրատիայի գործընկեր» կարգավիճակ տալու հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Պաղեստինի խորհրդարանին այս կարգավիճակի շնորհումը կարող է նախադեպ լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի համար:

«Սա շատ հրաշալի նախադեպ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի համար, եւ պատահական չէ, որ մեր գործընկերը` Արմեն Ռուստամյանը, հենց նոր այդ հարցը բարձրացրեց, որ ինչո՞ւ չի կարելի այս նախադեպը օգտագործել նաեւ Լեռնային Ղարաբաղի համար։ Եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ինչ-որ տիտանական ջանքեր է գործադրում ինչ-որ մեռելածին ենթահանձնաժողով վերակենդանացնելու համար, ապա ինչո՞ւ չկիրառել հենց այդ նախադեպը», - ասաց հայկական պատվիրակության անդամը։

Նաիրա Զոհրաբյանը նաեւ փոխանցեց, որ արդեն հայտնի է, թե ով է հունվարից փոխարինելու ԵՎՎԽ-ն այժմ նախագահող թուրք խորհրդարանական Մեւլութ Չավուշօղլուին։ ԵԽԽՎ-ի նախագահությունը երկու տարին մեկ ռոտացիոն կարգով փոխանցվում է խմբակցություններից մեկին. հունվարից Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է ստանձնելու այն, եւ երկուշաբթի օրը փակ գաղտնի քվեարկությամբ հայտնի է դարձել, որ ԵԽԽՎ-ի հաջորդ նախագահը ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնն է լինելու:

«Բնականաբար, հունվարին արդեն ֆորմալ քվեարկություն է տեղի ունենալու լիագումար նիստում։ Ըստ էության, մենք կարող ենք ասել վստահաբար, որ Ժան-Կլոդ Մինյոնը հունվարից կնախագահի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը», - ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը` հավելելով. - «Ընդամենը մենք պիտի հույս ունենանք, որ ի տարբերություն Չավուշօղլուի` Ժան-Կլոդ Մինյոնը հավատարիմ կլինի այս կառույցի արժեքներին եւ ոչ թե կփորձի ծառայել այս կամ այն երկրի շահերին, ինչը իր պաշտոնավարման ընթացքում ուղակիորեն եւ բացահայտ կերպով արեց Չավուշօղլուն, ինչի մասին ես հենց լիագումար նիստում հայտարարեցի, որ իր պաշտոնը նա ուղղակիորեն օգտագործեց թուրք - ադրբեջանական կլանին ծառայելու համար»։

Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Վեհաժողովի նոր նախագահը վերջ կդնի Չավուշօղլուի ջանքերով վերականգնված Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի աշխատանքներին: Այդ ենթահանձնաժողովի աշխատանքները հայկական պատվիրակությունը բոյկոտում է:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG