Մատչելիության հղումներ

Առաջիկայում Հայաստան կայցելի Լիբանանի նախագահը


Առաջիկայում Հայաստան են այցելելու Լիբանանի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը: Այդ մասին հայտնել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Լիբանանի խորհրդարանի նախագահի խոսքով, տեղի հայ համայնքը մեծ ներդրում ունի իր երկրի զարգացման գործում եւ հանդիսանում է հուսալի ու ամուր կամուրջ` երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները, մասնավորապես` ապրանքաշրջանառության ծավալները, չեն համապատասխանում հայ - լիբանանյան քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել առաջընթացի ապահովումը երկկողմ հարաբերությունների տնտեսական ոլորտում եւ վստահեցրել, որ Հայաստանի ֆինանսական դաշտում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ լիբանանյան ներդրումների համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ հայ - լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները մոտ ապագայում կվերսկսվեն:

Լիբանանի խորհրդարանի նախագահը Երեւան է ժամանել երեկ։ Նույն օրը նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG