Մատչելիության հղումներ

Իշխանության հայտարարությունը` «պատասխանատվությունից զուրկ»


Ընդդիմության համակիրները Ազատության հրապարակում, 1 հոկտեմբեր, 2011
Ընդդիմության համակիրները Ազատության հրապարակում, 1 հոկտեմբեր, 2011
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բացարձակապես պատասխանատվությունից զուրկ եւ մտահոգությունից հեռու» գնահատեց իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների նախօրեին հնչեցրած հայտարարությունը, որն արվել էր ի պատասխան երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկին:

Կոալիցիայի հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. - «Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»:

ՀՀՇ վարչության նախագահի խոսքով` շուրջօրյա հանրահավաքի մասնակիցները ողջ գիշեր քննարկել են այդ հայտարարությունը` որոշելով, թե «ինչ սրությամբ ու դոզայով է պետք պատասխանել»:

«Այդ պատասխանը, որ իրենք գրել էին, դիվանագիտությունից, քաղաքագիտությունից հեռու թուղթ էր: Ես զարմացա: Իրենց հնարավորությունները դա է, ոչի'նչ, ժողովուրդը կանգնած է դուխով, հավեսով, տրամադրվածությամբ», - ասաց Արամ Մանուկյանը:

ՀԱԿ-ի պաշտոնական պատասխանը, Մանուկյանի խոսքով, կհնչի այսօր երեկոյան կայանալիք հանրահավաքում. - «Ժամը 6:30 եկեք, վերաբերմունքի պատասխանը տարեք», - ասաց նա:

Արամ Մանուկյանը, ով հրապարակում է գիշերել, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ անցած գիշերվա ընթացքում եւս որեւէ միջադեպ չի գրանցվել:

«Բացարձակ ոչ մի ինցիդենտ չի եղել, բայց իշխանությունները խավարասերներին գիշերը բաց են թողնում չորս կողմից հարձակման: Ինֆորմացիաներ են բերում` գալու են, խփելու են, կրակելու են, ՀԱԿ-ը պարտվում է, իշխանությունը հարցերը լուծել է…», - ասաց Մանուկյանը:

ՀԱԿ ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը, ով նույնպես գիշերն անցկացրել էր Ազատության հրապարակում, ասաց. - «Ասել ու կրկնում եմ` իմ ամենաերջանիկ օրերը 2008-ի հանրահավաքի օրերին էին: Ամենավատ օրն էլ 2008 թվի փետրվարի 19-ի ընտրություններ էր, որտեղից ամեն ինչ սկսվեց: Ձայնս գողացել են, մեր ձայնը գողացել են: Էս քանի օր է այստեղ ենք, մարդիկ նույն զարթոնքն են ապրում»:

Ազատության հրապարակում էր նաեւ հայտնի դերասան Երվանդ Մանարյանը, ով ասաց, թե շատ կարեւոր է, որ հասարակությունը սովորի տեր կանգնել իր իրավունքներին:

Ի դեպ, Ազատության հրապարակի շրջակա որոշ սրճարաններ արդեն սկսել են աշխատել:
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG