Մատչելիության հղումներ

Պուտինի հավաստմամբ` Եվրասիական միությունը նոր ԽՍՀՄ չի դառնա


Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտին

«Եվրասիական միությունը ԽՍՀՄ-ի վերականգնման ծրագիր չէ», - պնդում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը «Իզվեստիա»-ում հրապարակած ծավալուն հոդվածում։

Առաջին անգամ ԱՊՀ-ի հիմքի վրա նոր միություն ստեղծելու գաղափարի մասին Պուտինը խոսեց ամռանը` ռուս-բելառուսա-ղազախական գործարար համաժողովի ընթացքում։ Հուլիսին Պուտինը նշում էր, թե նոր միավորման ձեւավորման մոտավոր ժամկետ կարող է դառնալ 2013 թվականը:

«Իզվեստիա»-ում տպված հոդվածում, սակայն, Ռուսաստանի վարչապետը հերքում է արեւմտյան մամուլում հայտնված պնդումները, թե Եվրասիական միության ստեղծումը նորացված ԽՍՀՄ-ի վերականգնման հեռահար նպատակ է հետապնդում:

«Այս կամ այն կերպով Խորհրդային Միությունը վերականգնելու մասին խոսք անգամ չկա։ Միամտություն է կարծելը, թե հնարավոր է վերականգնել կամ նմանակել անցյալում մնացած մի որեւէ երեւույթ: Այնուհանդերձ, տնտեսական, քաղաքական եւ արժեհամակարգային հիմքի վրա սերտ ինտեգրումը ժամանակի հրամայականն է», - պնդում է Պուտինը` միաժամանակ հարկ համարելով իր հոդվածում գովեստի խոսքեր ուղղել Խորհրդային Միության հասցեին. - «ԽՍՀՄ-ից մենք շատ մեծ ժառանգություն ենք ստացել` ենթակառույցները, ձեւավորված արդյունաբերական մասնագիտացումը, միասնական լեզվական ու գիտամշակութային տարածքը: Այս ամենի օգտագործումը մեր ընդհանուր շահից է բխում»։

Խոսելով այս նոր կառույցի գործունեության հեռանկարների մասին` Ռուսաստանի վարչապետը նշում է. - «Եվրասիական միությունը կարող է վերածվել հզոր վերազգային միավորման, որը կդառնա ժամանակակից աշխարհի բեւեռներից մեկը` միաժամանակ արդյունավետ կապ ապահովելով Եվրոպայի եւ դինամիկ կերպով զարգացող Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների միջեւ»։

Նրա համոզմամբ, առաջինը նոր ձեւավորվող կառույցին մաս կկազմեն Մաքսային միության անդամ երեք պետությունները` Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Հետագայում Պուտինը չի բացառում նաեւ Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ընդգրկումը Եվրասիական միության կազմում:

«Մենք ողջունում ենք այլ պետությունների, նախեւառաջ ԱՊՀ-ի անդամների ընդգրկումը այս նախագծում: Որեւէ մեկին, սակայն, շտապեցնելու կամ այդ քայլին դրդելու նպատակ մենք չունենք։ Եվրասիական միությանը մաս կազմելու որոշումը պետք է լինի ցանկացած պետության ինքնիշխան որոշումը` թելադրված տվյալ երկրի երկարաժամկետ ազգային շահերով», - նշել է Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG