Մատչելիության հղումներ

logo-print

Հայ խորհրդարանականները կրկին բոյկոտել են Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստը


Երկուշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի հերթական նիստը, որը Հայաստանի պատվիրակությունը կրկին բոյկոտել է ամբողջ կազմով։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը շեշտեց, որ հայկական պատվիրակության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ չի փոխվել. դեռեւս ամիսներ առաջ հայկական պատվիրակությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր կերպով իր դիրքորոշումը ներկայացրել է ԵԽԽՎ-ի բյուրոյի այն անդամներին, «որոնք որոշեցին վերակենդանացնել մեռելածին այդ հանձնաժողովը»։

«Շաբաթներ առաջ իտալական Կազերտա քաղաքում տեղի ունեցած քաղաքական նիստի ժամանակ, ի դեպ, նիստին մասնակցում էր նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ես կրկին բարձրաձայնեցի հայկական պատվիրակության տեսակետը, որ հայկական պատվիրակությունը աշնանային նստաշրջանին եւս չի մասնակցելու այդ այսպես կոչված ենթահանձնաժողովի աշխատանքներին», - նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը։

Նրա փոխանցմամբ` երկուշաբթի առավոտյան ԵԽԽՎ-ի լիագումար նիստի մեկնարկին հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «հստակ, ի պատասխան ադրբեջանական պատվիրակության հերթական կոչերին, որ պետք է այդ ենթահանձնաժողովը աշխատի եւ պետք է անգամ ստիպել հայկական պատվիրակությանը, հայտարարեց, որ հայկական պատվիրակության դիրքորոշումը մնում է ուժի մեջ»։

«Ավելին, նա ասաց, որ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ուղղակիորեն հստակ պարտականություններ եւ պարտավորություններ ունի պատվիրակություններից մեկի հանդեպ` հասկանալի էր, որ խոսքը վերաբերում է ադրբեջանական պատվիրակությանը, եւ հայկական պատվիրակությունը, բնականաբար, չի մասնակցելու այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ մեզ համար նման ենթահանձնաժողով ուղղակիորեն գոյություն չունի, եւ մենք կարծում ենք, որ այդ ենթահանձնաժողովը կունենա նույն անփառունակ վախճանը, ինչ որ ունեցավ ժամանակին լորդ Ռասել Ջոնսթոնի գլխավորած ենթահանձնաժողովը», - պատմեց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին, թե որքա՞ն կարող է շարունակվել այս հանձնաժողովի գործունեությունը հայկական պատվիրակության կողմից բոյկոտի պայմաններում, եւ ո՞րն է այս հարցի լուծումը, Զոհրաբյանը արձագանքեց. - «Բոլորս էլ գիտենք, որ այս նստաշրջանը Մեւլութ Չավուշօղլուի վերջին նստաշրջանն է` հունվարից արդեն ԵԽԽՎ-ն ունենալու է նոր նախագահ։ Մնում է ենթադրել, որ հաջորդ նախագահը կհասկանա, որ բացարձակապես անիմաստ է այս ֆորմատում, այս մանդատի տակ փորձ անել քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։

«Ընդամենը սա Չավուշօղլուի վերջին ճիգերն են, վերջին փորձերն են` իր ադրբեջանցի քույրերին եւ եղբայրներին ցույց տալու, որ ինքը արեց առավելագույնը նրանց շահերը, նրանց ցանկությունները բավարարելու համար», - ընդգծեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը։

ԵԽԽՎ-ի բյուրոյի որոշմամբ վերստեղծված Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը պաշտոնապես աշխատանքները սկսել է այս տարի։ Վեհաժողովում հայկական պատվիրակությունը բոյկոտել է նաեւ ենթահանձնաժողովի հունիսին կայացած նիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG