Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 4-ի մամուլ


«Երկիր»-ը գրում է. - «Սեպտեմբերի 30-ին կազմակերպված ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ըստ էության բացահայտեց, որ ներկայումս Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքի կազմակերպման իրական նպատակը անցած ամիս ընդհատված, բայց այլ նպատակներ հետապնդող երկխոսության վերսկսումն է: Գարնանը Կոնգրեսն իր խնդիրն էր համարում հասնել այնպիսի երկխոսության, որը ցանկացած պարագայում հանգեցնելու է արտահերթ ընտրությունների: Այն ժամանակ ոչ թե անգամ երկխոսություն ծավալելու, այլ բացառապես արտահերթ ընտրություններ անցկացնելու իմպերատիվ պահանջ է դրվում, ինչը կատարելապես իմաստազրկում էր կանխորոշվող ելքով երկխոսության անցկացման անհրաժեշտությունը: Բայց ահա սեպտեմբերի 30-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն արդեն ասում է հետևյալը. «Նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ (արտահերթ ընտրությունների հարցում) իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման… Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ»: Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների պահանջը, որն սկզբից կարծես տաբու էր Կոնգրեսի համար, հիմա արդեն ոչ թե քննարկումների, այլ անգամ փոխզիջումների ենթակա հարց է դառնում»:

«168 ժամ»-ը գրում է - «Երեկ երկարատեւ մտորումներից հետո իշխանությունները վերջապես որոշում կայացրեցին «կիսամերժել» ՀԱԿ-ի` երկխոսությունը շարունակելու առաջարկը` վերջինիս դնելով անհարմար դրության մեջ»: «Ի՞նչ է ստացվում` ՀԱԿ-ը հանրահավաք եւ նստացույց է անում` իրականում երկխոսությունը վերսկսելու համար, իշխանությունն էլ հայտարարում է` դադարեցրու` վերսկսեմ… ՀԱԿ-ը հիմա կանգնած է մեկ կարեւոր խնդրի առաջ` ինչպես նստացույցի մասնակիցներին տուն ուղարկել այնպես, որ «սխալ չհասկանան»:

Իսկ բանակցությունների իշխանական խմբի անդամ Գագիկ Մինասյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Մեր նպատակը եղել է երկխոսության ճանապարհով ՀԱԿ-ի դիրքորոշումների, գործողությունների հիմքերը, տրամաբանությունը բացահայտելն ու դրանք հասարակությանը, նաեւ կոնգրեսի համակիրներին ներկայացնելը: Իշխանության ու ՀԱԿ-ի նպատակները միանգամայն տարբեր հարթություններում են: Երկխոսության ընթացքում ապացուցվեց, որ ՀԱԿ-ը չունի իր ասածը, առաջարկածը, խոստացածը կյանքի կոչելու որեւէ քաղաքական, տնտեսական, իրավական հիմք: ՀԱԿ-ի ղեկավարությունը երկխոսության փուլերից մեկում գիտակցեց այդ հիմքերի բացակայության փաստը: Հենց դա էլ եղավ երկխոսությունը առկախելու պատճառ: Քաղաքական պարտությունից այս կերպ խուսափելով, ՀԱԿ-ը հիմա իր նպատակին փորձում է հասնել այլ` զանգվածների առկայության պարագայում դեբոշ իրականացնելու ճանապարհով: Այս կարեւոր իրողությունը պետք է հասկանան ու գիտակցեն մեր հասարակության բոլոր խմբերը»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցին` «ժամանակ»-ը գրում է. - «Այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ունի վերադառնալու քաղաքական ու բարոյական իրավունք, կարծես թե հարված է Սերժ Սարգսյանի գործունեւությանը: Խնդիրն այն է, որ Քոչարյանի վերադարձի բարոյականությունը պետք է որ չափվեր նրան փոխարինող Սերժ Սարգսյանի արդյունավետությամբ: Այսինքն` եթե Սարգսյանը փոխարինում է Քոչարյանին եւ, ըստ էության, եթե լավ է փոխարինում, ապա Քոչարյանի վերադարձի բարոյականության հարց պետք է որ չառաջանա: Բայց եթե ԲՀԿ առաջնորդը դնում է այդ հարցը, դա երեւի թե նշանակում է, որ նա վատ է գնահատում Սերժ Սարգսյանի փոխարինումը եւ համարում է, որ նա այնքան վատ է աշխատել, որ Քոչարյանն արդեն կարող է վերադառնալ: Այլ կերպ ասած` Գագիկ Ծառուկյանը թերեւս դժգոհում է, որ Սերժ Սարգսյանը համակարգը այնքան էլ լավ չի պահում»:

Նույն հարցի վերաբերյալ «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Որքան ես դեմ էի, որ քաղաքականություն վերադառնա Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, իմ կարծիքով, պետք է մնար առաջին նախագահի, մտավորականի եւ գիտնականի` իր համար շահեկան կարգավիճակում, այդքան կողմ եմ, որ քաղաքական դեմք դառնա Ռոբերտ Քոչարյանը: Չեմ ասում` «վերադառնա», որովհետեւ նա երբեք քաղաքականության մեջ չէր: Սկսած Ստեփանակերտի Մետաքսի գործարանի պարտկոմությունից` նա ապարատային, վարչական գործիչ էր, ինչը ինքնին վատ բան չէ, բայց, մյուս կողմից` բավարար չէ երկիր ղեկավարելու համար: Այդ պաշտոնին նրան նշանակեց Վազգեն Սարգսյանը, եւ երկրորդ նախագահը ունեցավ բավականաչափ ճկունություն եւ խորամանկություն, որ կարողանա իր դիրքը պահպանել 10 տարի: Պարոն Քոչարյանը հնարավորություն ստացավ դրսեւորելու իր կազմակերպչական եւ «խարդավանքային» ունակությունները, բայց երբեք չէր կանգնել զուտ քաղաքական որակները դրսեւորելու անհրաժեշտության առաջ, երբեք ստիպված չէր որեւէ մեկին համոզելու, որ հենց ի'ր արտաքին եւ ներքին քաղաքական ծրագրերն են ճիշտ, ի'ր դավանած գաղափարախոսությունն է Հայաստանը տանելու զարգացման ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG