Մատչելիության հղումներ

logo-print

Իշխանությունը կվերսկսի երկխոսությունը ՀԱԿ-ի «անօրինական հավաքի» ավարտից հետո


Իշխանական պատվիրակությունը ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ, 16 օգոստոս, 2011

Իշխանական պատվիրակությունը ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ, 16 օգոստոս, 2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար ձեւավորված իշխանական պատվիրակության անդամները երկուշաբթի երեկոյան մոտ երկու ժամ տեւած դռնփակ քննարկումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որում նշում են, որ «չեն կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելը այն արդյունավետ կդարձնի»:

«Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները», - համատեղ հայտարարության մեջ նշել են իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները ՀԱԿ-ի հետ առկախված երկխոսությունը վերսկսելու հարցը քննարկելուց հետո:

«Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետեւողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունների խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել», - ասված է իշխանական պատվիրակության հաղորդագրությունում, որը ընթերցեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Հանրապետական պատգամավորը չմեկնաբանեց, թե իշխանական կոալիցիան որ օրենքով կամ իրավական ինչ ակտի հիման վրա է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հավաքն անօրինական համարում:

«Ես կարծում եմ, ավելի լավ կլինի` այդ հարցով դիմեք իրավաբաններին, սակայն այդ մասին Ոստիկանությունը համապատասխան հայտարարություն էր տարածել` իրենք շատ ավելի հստակ կարող են ձեզ պատասխանել», - ասաց Մինասյանը։

Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի կոալիցիայի դիրքորոշումը, եթե ՀԱԿ-ը շարունակի պահանջել ազատ արձակել Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, հետաքրքրվեց լրագրողներից մեկը:

«Մենք նորից կքննարկենք այդ հանգամանքը, սակայն դա օրինական գործընթացները անհարկի քաղաքականացնել է եւ մատի փաթաթան դարձնել։ Գործընթացը գտնվում է իրավական հարթության մեջ, եւ դա տեղափոխել քաղաքական հարթություն` անտրամաբանական է», - ասաց Գագիկ Մինասյանը։

«Հնարավոր չե՞ք համարում, որ նման հայտարարությունից հետո իրավիճակը կարող է սրվել», - այս հարցին Մինասյանի արձագանքը հետեւյալն էր. - «Ես կարծում եմ, որ իրավիճակի կայունացում տեղի կունենա, որովհետեւ բոլորը պետք է հասկանան, որ անօրինական գործողությունների ընթացքում երկխոսությունը արդյունավետ լինել չի կարող։ Մեր նպատակը երկխոսություն երկխոսության համար չի, մեր նպատակը երկխոսությունն է` նպատակին հասնելու համար, իսկ այդ նպատակը ակնհայտ է` մենք ունենք մեր օրակարգը, այդ օրակարգում հենց այն հարցերն են, որոնք գտնվում են այսօր ՀԱԿ-ի նախապայմանների մեջ»։

Քննարկման մասնակիցներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում նաեւ հավելեց, թե շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց երկխոսել չի ստացվի:

Նշենք, որ երկխոսության նպատակով ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ խմբի անդամներից Նաիրա Զոհրաբյանը ներկա չեն եղել քննարկմանը, քանի որ մասնակցում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Սակայն, ինչպես նախքան քննարկումը սկսելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Գագիկ Մինասյանը, այդ հանգամանքը չի խանգարի, որ երկխոսության վերաբերյալ որոշումը կայացվի:

Իշխանական կոալիցիայի հայտարարության վերաբերյալ ՀԱԿ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կծանոթանան հայտարարությանը, կքննարկեն եւ անհրաժեշտության դեպքում կարձագանքեն:

Հիշեցնենք, որ հուլիսին սկսված ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացը առկախվել էր ոստիկանների հետ ՀԱԿ ակտիվիստների ունեցած միջադեպի հետեւանքով, որի արդյունքում ներկայումս կալանավորված է մնում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Սեպտեմբերի 9-ին կայացած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ երկխոսությունը կվերսկսեն Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում: Անցած ուրբաթ կայացած հանրահավաքում Տեր-Պետրոսյանը ազդարարեց մեկ շաբաթ տեւողությամբ շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը` միաժամանակ նշելով, որ զուգահեռ կարող են երկխոսություն սկսել իշխանությունների հետ:

Իշխանությունը կվերսկսի երկխոսությունը ՀԱԿ-ի «անօրինական հավաքի» ավարտից հետո

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG