Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարությունը կալիֆորնիացի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանին հայտարարել է «անցանկալի անձ» (persona non grata)։

Գերատեսչությունն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ «նախքան Հայաստան մեկնելը Սիմիթյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել, սակայն դրանից հետո, դժբախտաբար, անհարգալից վերաբերմունք է դրսեւորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ»։

«Տեղյակ չպահելով Ադրբեջանի Հանրապետության պատկան մարմիններին ու չստանալով դրանց թույլտվությունը, նա ապօրինաբար այցելել է Հայաստանի կողմից գրավված տարածքներ», - երկուշաբթի օրը ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը եւ ավելացրել. - «Հետեւաբար, Սիմիթյանի անունն ընդգրկվել է այն մարդկանց ցանկում, որոնց այցը Ադրբեջան այլեւս աննպատակահարմար է»։

Աբդուլաեւը նաեւ ասել է, թե այս հարցում Ադրբեջանն ունի հստակ եւ անբեկանելի դիրքորոշում. անձինք, ովքեր Ադրբեջանի օրենքների հանդեպ կդրսեւորեն անհարգալից վերաբերմունք, հետագայում էլ կընդգրկվեն այդ ցուցակում։

Խոսելով Սիմիթյանի մասին` նա հայտարարել է նաեւ, թե մարդը, ով ինքն օրենքներ է ընդունում, ուրիշ պետության օրենքները խախտելու իրավունք չունի։

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Ջո Սիմիթյանը այցելել է Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել է «անջատողական վարչակազմի» ներկայացուցիչներին։

Ջո Սիմիթյանը Կալիֆորնիայի նահանգի Սենատ է ընտրվել 2004 թվականին 11-րդ ընտրատարածքից, որն ընդգրկում է Սան Մաթեո, Սանթա Քլարա եւ Սանթա Քրուզ ավանները։ Նախկինում զբաղեցրել է Պալո Ալտոավանի քաղաքապետի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG