Մատչելիության հղումներ

Սողանքի հետեւանքով արդեն հինգ անհետ կորած կա


Կիրակի երեկոյան Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում տեղի ունեցած մեծ սողանքի հետեւանքով անհետ կորածների թիվը այս պահի դրությամբ հասել է 5-ի:

Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժինը, հավանական անհետ կորածներից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են: Անհետ կորածների ցուցակում հայտնված յոթ անձինք այսօր կապվել են իրենց հարազատների հետ եւ տեղեկացրել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել կամ անվնաս են:

Ականատեսների վկայությամբ սողանքը տեղի է ունեցել, երբ ավտոճանապարհին Վրաստանից Հայաստան մեկնող մեծ բեռնատարի պատճառով ճանապարհի երկու կողմից մեքենաների կուտակումներ են առաջացել:

Սողանքի հետեւանքով Ալավերդու բժշկական կենտրոն են տեղափոխել յոթ տուժածի` տարբեր աստիճանի վնասվածքներով: Նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նույն օրը տուժողները դուրս են գրվել հիվանդանոցից:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով` սողանքի տակ է մնացել 35 ավտոմեքենա, մեքենաներից մեկը ընկել է Դեբեդ գետը, վարորդին հաջողվել է փրկվել:

«Ճանապարհը այստեղ լուրջ է` մոտավորապես 63 մետր բարձրությամբ, 300 մետր լայնությամբ, այստեղ պետք է ծանր տեխնիկա աշխատի, բայց մինչ աշխատելը պետք է սեյսմոլոգները տան համապատասխան եզրակացություն, որ մենք հասկանանք` ինչ է կատարվում», - ասաց նախարարը:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին նույն հատվածում հողը կրկին հոսել, ճանապարհն էր լցվել: Այդ կապակցությամբ արտակարգ իրավիճակների նախարարության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Վաղինակ Հովսեփյանը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե երկու օր առաջ նույն վայրում տեղի ունեցած սողանքից հետո ինչո՞ւ չէր դադարեցվում տրանսպորտի երթեւեկությունը ճանապարհի այդ հատվածով, ասել էր, թե այն սողանքային գոտի չէ։ Սակայն Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր հերթին հաստատեց, որ փլուզման վայրը Հայաստանի սողանքային գոտիների ցանկում է ներառված:

«Սա գրանցված սողանքային գոտի է: Ինչպես գիտեք, Հայաստանի տարածքի մոտ 15 տոկոսը սողանքային է», - ասաց նախարարը:

Ինչպես արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանին, սեպտեմբերի 30-ի փոքր սողանքից հետո ծանր մեքենաների երթեւեկությունը այդ հատվածով արգելվել է:

«Եվ կարծեմ զգուշացրել էին, որ այդտեղ պիտի հերթապահություն սահմանվի, եւ այդտեղով ծանր տեխնիկա քիչ անցնի: Բայց դեպքի վայրում մի ծանր բեռնատար էր շուռ եկել, որը հանելու համար երկու ծանր կռունկ էին բերել: Ծանր կռունկներն ու շրջված բեռնատարը փակել էին ճանապարհը, առաջացել էր մեծ խցանում, բազմաթիվ մեքենաներ էին հավաքվել, որից ութը` ծանր, եւ այդ պայմաններում ակտիվացել էր [սողանքը], ռեզոնանս էր տեղի ունեցել», - ասաց Գրիգորյանը:

Փրկարարական աշխատանքները այս պահին շարունակվում են, նախնական տվյալներով աղետի հետեւանքների վերացման համար կպահանջվի եւս երկու օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG