Մատչելիության հղումներ

Վերադարձի փառատոնը 5 տարեկան է


Երեքշաբթի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կբացվի Վերադարձի դասական երաժշտության 5-րդ հոբելյանական փառատոնը:

Փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչը «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամն է` նպատակ ունենալով Հայաստանում ներկայացնել այն երիտասարդ երաժիշտներին, ովքեր աշխատում ու ստեղծագործում են Հայաստանից դուրս:

Փառատոնի հիմնադիրներից Մարիամ Շահինյանը լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց, որ այս տարի փառատոնը կներկայացնի ոչ միայն հայազգի, այլեւ օտարազգի երաժիշտ-կատարողների:

Շահինյանը ներկայացրեց փառատոնի մասնակիցներից ջութակահար Հրաչյա Ավանեսյանին (Բելգիա) եւ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանին (Գերմանիայից). - «Երկու երաժիշտներ, ովքեր ժամանակին ուսանել են Երեւանում, այնուհետ մեկնել են արտերկիր: Այսօր ես սիրով եւ հպարտությամբ եմ ուզում նշել, որ մենք առաջինն ենք, որ պիտի ներկայացնենք այս փառատոնի շրջանակներում արդեն կայացած, աշխարահահռչակ երաժիշտների»:

Հենց Ավանեսյանն ու Խաչատուրյանը կբացեն փառատոնը:

«Հայ հանդիսատեսը, իհարկե, ինձ օտար չէ: Բայց, իհարկե, երկար բացակայությունից հետո ուզում եմ նվագել Հայաստանում», - ասաց Հրաչյա Ավանեսյանը` շեշտելով, որ իրեն ուրախացնում է, որ վերջին տարիներին Հայաստանում ելույթներ են ունենում աշխարհահռչակ կատարողներ:

Հարցին, թե որն է երիտասարդ երաժիշտների արտահոսքը կանխելու լավագույն միջոցը, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը արձագանքեց. - «Այս փառատոնները օգնում են կանխելու ինչ-որ պրոցես, բայց բավական երկար մշակութային քաղաքականություն է պետք… Ես ցավալի փաստ չեմ տեսնում, որ նրանք արտասահմանում են մնում, բայց որ Հայաստանի հետ կապը շատ ակտիվ լինի, դա ամենակարեւորն է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG