Մատչելիության հղումներ

logo-print

Հայ բռնցքամարտիկները Բաքվում ենթարկվել են հարձակման


Բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնության հանդիսավոր բացումը, Բաքու, 25-ը սեպտեմբերի, 2011թ.

Բռնցքամարտի աշխարհի 16-րդ առաջնության հանդիսավոր բացումը, Բաքու, 25-ը սեպտեմբերի, 2011թ.

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Շահնազ Բելյարգիզին հաստատել է, որ անցած շաբաթ օրը` հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել հարձակում Ադրբեջանի մայրաքաղաքում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների վրա։

Այն պահին, երբ ռինգում Հովհաննես Դանիելյանն էր, մարզասրահ են ներխուժել «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» անդամները եւ սկսել են քարեր նետել հայերի վրա։

Այդ կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին, որ ստեղծված իրավիճակում, «երբ կա հայ - ադրբեջանական չկարգավորված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իր ղեկավարած կառույցը «չի հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»։

Աքիֆ Նաղին մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում այն ժամանակ, երբ Ադրբեջանում անցկացվում են միջազգային միջոցառումներ, հավաքներ կամ խորհրդակցություններ, որոնց մասնակցում են Հայաստանի պատվիրակները։

Նաղիին եւ նրա աջակիցներին այս տարիների ընթացքում տարբեր առիթներով բերման են ենթարկել։ Այս անգամ էլ միջադեպն անցել է ծանոթ սցենարով։

«Հենց տեսանք հայ մարզիկներին, սկսեցինք քարկոծել, հետո սկսվեց ընդհարում ոստիկանների հետ, մեր 7 ակտիվիստներին փոխադրեցին ոստիկանության Նասիմինյան շրջանի բաժանմունք», - ասել է Աքիֆ Նաղին։

Ըստ «Ազատության» թղթակից Շահնազ Բեյլյարգիզիի, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստներին բաժանմունքում երկու ժամ պահել եւ ազատ են արձակել։

«Եթե մեզ ձայնը չլսեն, մենք կանցկացնենք բողոքի ավելի արմատական ակցիաներ», - սպառնացել է Նաղին։

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնյաները պնդում են, որ Հեյդար Ալիեւի անվան մարզադահլիճում «Ղարաբաղի ազատագրության կազմկերպության» ակտիվիստների եւ հայ մարզիկների միջեւ տարածությունն այնքան մեծ էր, որ մարզիկներից եւ ոչ մեկը քարկոծությունից չէր կարող տուժել։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG