Մատչելիության հղումներ

Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին սողանքի գոտում տասնյակ մեքենաներ են մնացել


Կիրակի երեկոյան մեծ սողանք է տեղի ունեցել Ալավերդի - Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում՝ Տավուշի մարզի Այրում գյուղի մոտ։

Ներկայումս փակ է ավտոճանապարհի մոտ 150-մետրանոց մի հատված, տեղում կան ոստիկաններ, փրկարարներ, բժիշկներ։ Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ավելի ուշ ժամանեցին նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Իրավապահների վկայությամբ՝ զոհեր չկան։ Միաժամանակ, նրանք դժվարացան պատասխանել տուժածների, ինչպես նաեւ սողանքի գոտում մնացած ավտոմեքենաների թվին վերաբերող հարցերին։

Ավտոմեքենաներից մեկը ընկել է Դեբեդ գետը, վարորդին հաջողվել է փրկել։ Մեկ այլ մեքենա կախված է մնացել ձորի վրա եւ նույնպես կարող է ընկնել գետը։

Ճանապարհի տվյալ հատվածում կանգնած են վեց մեծ բեռնատարներ, մարդատար մեքենաների թիվը հայտնի չէ։

Ականատեսների վկայությամբ՝ սողանքը տեղի է ունեցել, երբ ավտոճանապարհին մոտ 150 մեքենա էր կուտակված՝ Վրաստան մեկնող մեծ բեռնատարի վթարի պատճառով։

Սողանքի հետեւանքների վերացման աշխատանքները, այդ թվում՝ տվյալ հատվածից մեքենաների դուրսբերումը, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի սկսել միայն լուսաբացին։ Մինչ այդ ճանապարհի տվյալ հատվածը փակ կմնա։ Աշխատանքները դժվարացնում է հողի հոսելու վտանգը։

Ուշ երեկոյան սողանքը դեռ շարունակվում էր։

Տեղի ունեցածի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որի հաղորդագրությունում ասված է. - «M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում Վանաձոր- Բագրատաշեն հատվածում՝ Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթեւեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղեւորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:Խնդրում ենք ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով երթեւեկելուց: Գործում է շրջանցիկ ճանապարհ՝ Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Բագրատաշեն ուղղությամբ: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060 44 02 38 հեռախոսահամարներով»:

Նույն հատվածում ուրբաթ օրը ավելի փոքր սողանք էր տեղի ունեցել, որի հետեւանքները արագ վերացվել էին։


Մարիաննա Պեպանյան, Տավուշի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG