Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը «մարած քարտ» է անվանում Քոչարյանին


«Ե՛վ Հայաստանի ներսում, ե՛ւ դրսում որեւէ բանական մարդու համար Ռոբերտ Քոչարյանն արդեն «մարած քարտ է», նա որեւէ հենարան չունի` ոչ քաղաքական, ոչ սոցիալական»,- շաբաթ օրը ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ընդդիմադիր Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման անվանելով «շինծու» թեմա:

«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել։ Նա երբեք որեւէ կուսակցության, ինչ-որ համակարգի շնորհիվ, կամ ժողովրդական մեծ հենարանի շնորհիվ իշխանության չի եկել ոչ Ղարաբաղում, ոչ էլ Հայաստանում: Երբեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ: Նա կարողացել է միշտ հարմարվել ինչ որ սիստեմի. Սովետական Միության ժամանակ սովետական սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ի սիստեմին…ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր, ՀՀՇ անդամ, ՀՀՇ վարչության անդամ: Հետո ինչ-որ կերպ (էդտեղ իմ սխալն էլ կա) մտավ մեր իշխանական համակարգ` 97 թվականին։ Հետո, օգտագործելով այդ բոլոր վարչական եւ այլ լծակները` 98 թվականին, գիտեք, թե ինչպես եկավ իշխանության (նաեւ փաստաթղթեր կեղծելով եւ այլն, եւ այլն… դա չէ հարցը): Այսինքն, նա քաղաքական գործիչ չէ եւ չի էլ եղել երբեք. քաղաքական գործիչը ժողովրդի հետ խոսող գործիչն է եւ ժողովրդի համակրանքը շահող գործիչը: Այդպիսի համակրանք նա երբեք չի ունեցել եւ չի էլ ունենա»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով «Մեդիամաքս» գործակալությանը տված վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի այն հիմնավորմանը, որ մեծ քաղաքականություն վերադառնալու քայլին իրեն կարող են դրդել «երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, հասարակության տարբեր շերտերի կողմից իր` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը», Լեւոն Տեր-Պետրոսյանը հակադարձեց. - «Ժողովուրդը որքան հիմար կամ մազոխիստ պիտի լինի, որ հասարակական պահանջարկ ներկայացնի մի մարդու, որը գնդակոծել է իրեն… Այս երկրում չկա մի մարդ, որը նրա չափ անհանգիստ լինի: Նա գիտե ինչ հանցանքներ է գործել այս ժողովրդի նկատմամբ, եւ գիտե որ այս համակարգը փլվելուց հետո կանգնելու է ժողովրդի դատաստանի առջեւ: Նրա այս անհանգստությունը դրանով է բացատրվում միայն», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը՝ հավելելով․ - «Նա գոյություն չունեցող քաղաքական գործոն է, բացարձակապես։ Նա պրոբլեմ չէ մեզ համար, նա ժողովրդի համար այլեւս պրոբլեմ չէ: Եվ եթե պրոբլեմ էլ է` ապա պրոբլեմ է միայն Սերժ Սարգսյանի համար»:

Անդրադառնալով այն տեսակետներին, որ ՀՅԴ-ն կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող են Ռոբերտ Քոչարյանին հենարան դառնալ, Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ այդպիսի բան չի լինի։

«Ես 100 տոկոսով համոզված եմ, որ այդպիսի բան չի լինի: Դաշնակցությունը պատմական կուսակցություն է, գիտե իր պատմական պատասխանատվությունը, նա երբեք չի մտնի ուրիշի թափած արյան պատասխանատվության տակ: Ով իր անունը կապեց Քոչարյանի հետ, իր վրա է վերցնում այդ արյան պատասխանատվությունը: Նույնը չի անի նաեւ «Բարգավաճ Հայաստանը»։ Ես այստեղ էլ 100 տոկոսով համոզված եմ՝ չի լինի այդ բանը: Ես չեմ կասկածում, որ ԲՀԿ-ն երբեք իր անունը չի կապի Ռոբերտ Քոչարյանի հետ», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը, - «Թեեւ կա կարծիք, որ ԲՀԿ-ն ` որ ձեւավորվեց եւ 2003-ի ընտրությունների ժամանակ մտավ խորհրդարան, իբր Ռոբերտ Քոչարյանի կրեատուրան էր։ Գուցե, բայց դա ոչինչ չի նշանակում: Կրեատուրան կարող է մեկը լինել, բայց այդ որդին կարող է հետո դուրս գալ ծնողի դեմ... Դա էլ կարող է լինել, դա շատ նորմալ երեւույթ է: Այսինքն ոչ մի պարտավորվածություն Բարգավաճը չի կարող ունենալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ միայն մի մարդ կա, որ կարող է «եղբայրանալ» Ռոբերտ Քոչարյանի հետ. դա Վարդան Օսկանյանն է: Պատճառը ՀԱԿ առաջնորդը համարում է 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում նաեւ Վարդան Օսկանյանի «մեղքը»:
ՀԱԿ աջակիցները՝ հոկտեմբերի 1-ի հանրահավաքի ժամանակ

«Ես այս թեման ավարտեցի եւ այլեւս երբեք չեմ անդրադառնա, երբեք չեմ խոսի դրա մասին, դա մեր խնդիրը չէ բացարձակապես, ոչ մտահոգվեք, ոչ դրա մասին խոսեք», - եզրափակեց ՀԱԿ առաջնորդը։

Անդրադառնալով առաջիկա ընտրությունների թեմային՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուշադրություն հրավիրեց օրերս ԲՀԿ հայտնի ներկայացուցիչներից մեկի այն արտահայտությանը, թե հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ն գնալու է մենակ եւ որպես իր գլխավոր մրցակից տեսնում է Հանրապետական կուսակցությանը:

«Սա ի՞նչ է նշանակում. որ պայքարելու է ՀՀԿ-ի դեմ, որպեսզի խորհրդարանում միայնակ մեծամասնություն ստանա: Ես ուրիշ բան չեմ կարող հասկանալ սրա տակ: Սա մի կողմից լավ երեւույթ է, որ քաղաքական մրցակցություն է առաջանում, ավարտվում է ՀՀԿ-ի իշխանական մոնոպոլիան»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն թերեւս կոալիցիայում կրտսեր եղբոր «դերին չի հաշտվում»․ - «ԲՀԿ-ն ավելի բնական կուսակցություն է. գտնվեց մի լիդեր, ով իր տնտեսական կարողություններով եւ ազդեցությամբ կարողացավ ստեղծել համակիրների մի լուրջ շրջանակ, եւ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, այս մարդն ունի ե՛ւ հենարան, ե՛ւ ընտրազանգված, ե՛ւ հայաստանածին կուսակցություն է, որը շատ բնականորեն ձեւավորվեց: Իսկ ինչպես ձեւավորվեց ՀՀԿ-ն` գիտենք. դա 98 թվականին ստեղծված իրավիճակում օպորտունիստների կողմից ստեղծված բանդա էր, որը խնդիր դրեց տիրել իշխանությանը եւ տիրեց: Հիմա թե դա որքան կտեւի` դա մեզանից է կախված, քաղաքական այլ ուժերից է կախված, ինչու չէ` նաեւ կախված է ԲՀԿ-ից»:

«Որպես կուսակցություն, ես համարում եմ, որ մենք շատ ավելի պետք է հաշվի նստենք ԲՀԿ-ի հետ, որովհետեւ դա` ինչ էլ ասեք` կուսակցություն է. իսկ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, դա օպորտունիստների մի խումբ է, որը Քաջ Նազարի բախտով եկել է իշխանության եւ մտածում է, որ հավերժ պետք է պահպանի այդ իշխանությունը»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
please wait

No media source currently available

0:00 0:06:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG