Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-ի մամուլ


Երեւանյան մամուլն արձագանքում է Հայ ազգային կոնգրեսի ազդարարած շուրջօրյա հանրահավաքներին։ «Հրապարակը» գրում է․ - «Թե որքանով է ճիշտ ընտրված շուրջօրյա հանրահավաքներ սկսելու պահը, եւ ինչու այս քայլին գնացին այսօր, այլ ոչ թե մեկ տարի, երկու տարի կամ մեկ ամիս, երկու ամիս առաջ, դժվար է ասել: Գուցե այլեւս հնարավոր չէր դիմադրել պայքարի կոչող ու անհապաղ իշխանափոխություն տենչացող մարդկանց ցանկությանը: Գուցե սա վերջին շանսն է: Չէ՞ որ ընտրություններին մնացել է 7-8 ամիս: Իսկ հերթական ընտրությունների գաղափարը Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը միշտ են մերժել՝ դրա մեջ տեսնելով կանխորոշված պարտություն»։

«Ժամանակ» օրաթերթ․ - «Փոխելով մարտավարությունն ու անցնելով շուրջօրյա հանրահավաքների ռեժիմի, Կոնգրեսը, փաստորեն, իշխանությանը ցույց է տալիս, որ ամենեւին կարծրացած չէ իր մինչ այժմ կիրառած մարտավարության մեջ եւ կարող է ճկունություն ցուցաբերելով անցնել, այսպես ասած, առավել ռադիկալ գործողությունների՝ միեւնույն ժամանակ հստակ տեղավորվելով օրենսդրական շրջանակներում, այսպես ասած՝ սահմանադրական ճանապարհի վրա։ Սա իսկապես շրջադարձային իրողություն կարող է լինել Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում։ Կոնգրեսը, փաստորեն, այս քայլով նաեւ կատարում է այդ զարգացումներում նշմարվող, այսպես ասած, նորություններին ադեկվատ գործողություն, ակտիվացնելով հասարակական գործոնի ազդեցությունը ներքաղաքական գործընթացների վրա, որոնցում իր տեղն է հավակնում զբաղեցնել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի ներգրավվածությունը պրոցեսները կարող է տեղափոխել առավելապես ինտրիգային քաղաքական դաշտ, եւ Կոնգրեսը, օգտագործելով իր շանսը, փորձում է քաղաքականության մեջ ակտիվացնել հանրային գործոնը»։

«Երկիր» օրաթերթ․ - «Ընդհանրական ժողովուրդը իշխանություն-ՀԱԿ երկխոսությունից որևէ ակնկալիք չի ունեցել և չէր էլ կարող ունենալ այն պարզ պատճառով, որ մեկուսացված է եղել այդ որոշման կայացումից և ընդհանրապես գործընթացից, չնայած այն տեղի է ունեցել իր անվան և շահերի անխնա շահարկման ու շահագործման հաշվին: Նման երկխոսությունը ոչ թե ներհասարակական լարվածությունը թոթափելու, այլ ընդամենը քաղաքական երկու ուժերի միջև հարաբերությունների պարզաբանման ձախողված փորձ էր: Այդ ձախողման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են բացառապես դրանում ներգրավված ուժերը»։

«168 ժամ»․ - «Մեծ է հավանականությունը, որ իշխանությունները չեն փորձի բռնություն գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ, թեեւ ամբողջովին դժվար է բացառել նաեւ հակառակ տարբերակը։ Ամեն դեպքում, հետաքրքիր պատահականությամբ՝ ՀԱԿ-ի հայտարարած մեկշաբաթյա ժամկետի ավարտը համընկնում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարելիք այցի օրվա հետ։ Այնպես որ, Երեւանում անցկացվող շուրջօրյա հանրահավաքը կարող է նաեւ լավ քարոզչական ֆոն դառնալ իշխանությունների համար»։

«Չորրորդ ինքնիշխանություն»․ - «2008 թվականի մարտի 1-ին Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան զույգի կողմից Ազատության հրապարակում մեկնարկված շուրջօրյա հանրահավաքներն ու խաղաղ նստացույցը կասեցվեցին՝ դժբախտաբար, ՀՀ քաղաքացիների գնդակահարության գնով։ Շուտով կլրանա այդ իրադարձությունների 4 տարին։ Սերժ Սարգսյանն այդպես էլ այս տարիների ընթացքում չկարողացավ հաղթահարել լեգիտիմության ճգնաժամը, ավելին՝ լեգիտիմության ճգնաժամն այնքան խորացավ, որ մարդիկ սկսեցին պարզապես փախչել Հայաստանից։ Արտագաղթ, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացում, բարոյալքում, անկում։ Իսկ հասարակության համբերության բաժակը կարող է մի պահի լցվել, եւ ամենաուժեղ ընդդիմությունն անգամ անկարող է լինելու կանխել մարդկանց ցասումը։ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ամիսներ առաջ հայտարարել-զգուշացրել էր այս մասին»։

«Ազգ» օրաթերթը գրում է․ - «Երեկվա ՀԱԿ հանրահավաքի շուրջ հետաքրքրություն, այնուամենայնիվ ստեղծվել էր թեկուզ հենց այն պատճառով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին հրահանգել էր հեռու մնալ հանրահավաքի վայրից` մի բան գիտեր: Իսկ գիտեր հավանաբար հետեւյալը. որ Տեր-Պետրոսյանը, ճիշտ է, ինքնաբուխ հանրահավաքի կազմակերպման ողջ կանոնակարգը պահելով (ժողովրդի ցանկությունը հաշվի առնել, ՀԱԿ ղեկավարության հետ խորհրդակցել)` որոշեց մեկ շաբաթ անընդմեջ հանրահավաք անել, փաստորեն փորձ անելով կրկնել 2008 թվականի նախամարտիմեկյան շրջանի մարտավարությունը: Թե հատկապես ի՞նչը կամ ո՞վ(քե՞ր) էր այդպիսի լուրջ քայլի ենթատեքստը կամ ազդակը, դժվար է ասել: Կամ գուցե Տեր-Պետրոսյանը որոշեց օգտագործել վերջին հնարավորությունը, քանի որ ՀԱԿ-ի համակիրների ակտիվությունը գնում էր բնականոն մարման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG