Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ԱԳՆ. «Ղարաբաղով սերտորեն զբաղվում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ-ը՝ ի դեմս Մինսկի խմբի»


Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքը

Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքը

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները հանձնարարական բնույթ ունեն։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ սերտորեն զբաղվում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ԵԱՀԿ-ը՝ ի դեմս Մինսկի խմբի եւ դրա համանախագահների։ Ուրբաթ օրը Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Բանակցությունները միշտ շատ դժվարին գործ են, իսկ նման տեւական հակամարտության դեպքում անհնար է ակնկալել արագ եւ դյուրին լուծումներ։ Բայց Ռուսաստանը եւ Մինսկի խմբի համանախագահությունում մեր գործընկերները ձեռնարկում եւ ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մոտեցնելու համար այն պահը, երբ կողմերը կկարողանան համաձայնության գալ կարգավորման սկզբունքների շուրջ», - Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ընդգծել է Լուկաշեւիչը։

Ի պատասխան հարցի, թե Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձեւերը «Հայաստանի կողմից չեն կատարվել», «վերջ կտրվի՞ արդյոք դրան», «երկու կողմերից մեկը օկուպանտ է, մյուսը՝ տուժող», «որտե՞ղ է արդարությունը» եւ այլն, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է. - «Հասկանում եմ ձեր էմոցիաները։ Բայց մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք գործընկերներին, որ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցներում պետք է ավելի կոռեկտ ընտրել բառերը եւ ձգտել չօգտագործել նվաստացուցիչ հռետորաբանություն, պահպանել էմոցիաների եւ բանակցություններում ներկա քաղաքական գծի հավասարակշռությունը»։

«Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը լուծել [Անդրկովկասում] գոյություն ունեցող խնդիրները, թե՞ պահպանելու է լարվածությունը տարածաշրջանում՝ ելնելով իր քաղաքական եւ ազգային շահերից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ներկայիս նստաշրջանում, հայտարարել է, որ Ռուսաստանը կձեռնարկի անհրաժեշտ ջանքերը [Լեռնային Ղարաբաղի] հակամարտության կարգավորման համար։ Ի՞նչ կոնկրետ քայլերի մասին է խոսքը», - այս հարցին Լուկաշեւիչը պատասխանել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը անձամբ ջանքեր է ձեռնարկում պաշտոնական Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությանը նպաստելու համար։

«Համանախագահների «եռյակը» դեռ ԵԱՀԿ-ի ամբողջ Մինսկի խումբը չէ, որը ավելի լայն կազմ ունի։ Այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին աջակցելու կարեւոր արդյունավետ մեխանիզմ է մնում», - ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ հավելելով. - «Ռուսաստանի ակտիվ եւ արդյունավետ դերը բանակցություններում ընդունում են ե՛ւ համանախագահները, ե՛ւ կողմերը։ Բանակցությունների մի ամբողջ շարք փուլերի մասնակցել է անձամբ Ռուսաստանի նախագահը, նրա հովանու ներքո մշակվել է կարգավորման սկզբունքների տեքստը, որոնք բանակցային գործընթացի հիմքն են կազմում»։

«Անշուշտ, ամեն ինչ չէ, որ հեշտ է ընթանում՝ հաշվի առնելով հակամարտող կողմերի տարբեր մոտեցումները։ Այդուհանդերձ, Կազանում կայացած վերջին հանդիպումը ցույց տվեց, որ կարգավորման հեռանկարները կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում բավական հասանելի են», - հայտարարել է Լուկաշեւիչը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հատուկ դերին, ապա կարգավորման արդյունքը, այնուհանդերձ, Երեւանի եւ Բաքվի միջեւ փոխզիջման արդյունք է։ Մենք՝ որպես համանախագահներ եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ամենայն աջակցություն ենք ցուցաբերել եւ ցուցաբերելու ենք նման երկխոսությանը եւ հարատեւ ու կայուն համաձայնությունների ձեռք բերմանը, որոնք այդ ձգձգվող հակամարտության կարգավորման հիմքը կդառնան։ Ռուսաստանի արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի իր ելույթում անհրաժեշտ համարեց վերահաստատել մեր երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նպաստելու հարցում», - շեշտել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

«Ռուսաստանը Մինսկի խմբում ընդգրկված մյուս երկրներից ավելի շատ է շահագրգռված, որպեսզի տարածաշրջանում վերականգնվի կայունությունը, երաշխավորվի անվտանգությունը, եւ որպեսզի մենք ավելի շատ խոսենք համագործակցության ձեւերի մասին, այլ ոչ թե ընկնենք հռետորաբանության գիրկը եւ տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ լուրջ հայտարարություններ անենք», - ասել է Լուկաշեւիչը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG