Մատչելիության հղումներ

Հայաստանը գոհ է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացից


«Հայաստանում գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը», - Վարշավայում անցնող Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ամբիոնից այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը եւ այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար», - շարունակել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Մենք վճռական ենք հետեւողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»:

Հայաստանի նախագահն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` ասելով. - «Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է: Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, եւ դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության»:

«Համոզված եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ կկարողանանք Արեւելյան գործընկերության շրջանակներում կյանքի կոչել բարեփոխումների բազում համարձակ ծրագրեր», - Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնոժողովի իր ելույթը եզրափակել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG