Մատչելիության հղումներ

Անցած տարիներին հայկական բանակում զոհված զինծառայողների ծնողներին ուրբաթ օրը խորհրդարանում հանդիպեցին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովների նախագահները: Հանդիպումը կազմակերպվել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ:

Քննարկումը տեղի ունեցավ փակ դռների հետեւում, սակայն նույնիսկ այդ պարագայում լրագրողները կարող էին լսել զոհված զինվորների ծնողների հախուռն ելույթները:

Քննարկումը կիսատ թողնելով` դահլիճից բարկացած դուրս եկավ 2007 թվականին Ստեփանակերտի զորամասում սպանված Գեղամ Սերգոյանի հայրը:

«Հենց առաջին խոսացողին ասացի` էդ ի՞նչ եք խոսում: Ասացի` դու արդեն պետք է ձեր մոտ ունենաք բոլորի գործերը, պետք է իմանայիք, թե չէ եկել եք լսելու, այսօր կլսեք, հաջորդ անգամ էլ չեն ընդունի: Սա ժամանակ կորցնել է նշանակում», - ասաց մահացած զինվորի հայրը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ասաց, թե անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել զինվորների մահվան գործերի քննության նկատմամբ:

«Այս ներկայացված գործերով որեւէ մարմին իրավունք չունի միջամտել դատարանի գործունեությանը, նույնիսկ նման ցնցող դեպքերով, ինչպիսին այս սպանության կամ մահվան դեպքերն են: Խնդիրն այլ է, որ քննությունը հաճախ չի իրականացվել բավարար չափով կամ ծնողները գտնում են, որ չի իրականացվել, հետեւաբար մեր խնդիրն է ապահովել այդ քննության վերսկսումը, իրականացումը կամ օրենքով սահմանված որոշակի վերահսկողությունը այդ քննությունների նկատմամբ», - ասաց օմբուդսմենը:

Կարեն Անդրեասյանը ներկայացրեց այս քննարկմանը հաջորդող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քայլերը:

«Մարդու իրավունքների պաշտպանի եւ սպանված երիտասարդի ծնողի հետ միասին ամեն մեկի գործով կազմվում է տեղեկանք, որից հետո հանդիպում է լինում երկրորդ անգամ պատգամավորների հետ, ներկայացվում է խնդիրը, եւ պատգմավորները գրություններ, պահանջներ են ուղարկում այն մարմիններին, որոնց վերաբերյալ կան դժգոհություններ», - ասաց Անդրեասյանը` շեշտելով, որ իրենք ոչ թե միջամտում են, այլ աջակցում են, որպեսզի «հանրային հետաքրքրության արդյունքում այդ գործընթացներն իրականացվեն օրենքի տառին համապատասխան»:

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե պատգամավորները պետք է բողոքներ գրեն. - «Բողոքները պետք է հասցեագրենք այն պետական մարմիններին` դատախազություն, ոստիկանություն, քննչական մարմին, որոնք առնչվում են այդ քրեական գործի հետ: Խորհրդարանը պետք է իր լիազորությունների շրջանակում փորձի օբյեկտիվ դեր կատարել»:

Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը եւս հայտարարեց, թե զինվորների ծնողների բողոքները քննության առարկա են դառնալու:

«Դրանք նույնպես անպայման քննության են ենթարկվելու, պարոն դատախազը այդ մասին ինձ հավաստիացրել է», - ասաց նա:

Զոհված զինվորների ծնողներից ոմանք ակնկալիքներ ունեին այս հանդիպումից, ոմանք` ոչ: Բանակում զոհված Տիգրան Համբարձումյանի հայրը` Բենիկ Համբարձումյանը ասաց, թե պաշտոնյաները անհրաժեշտ պատրաստակամություն չեն ցուցաբերում իր եւ մյուսների որդիների գործերը բացահայտելու համար:

«Որ ռեալ հավատամ, որ սա մեր գործերը բացահայտելուն օգնելու է, ասում եմ` միանշանակ չի օգնելու, չեմ հավատում: Աստված տա ես սխալվեմ: Եթե պաշտոնյաները պատրաստակամ լինեին, մենք չէինք գտնի մարդիկ այստեղ գալու համար, իրենք կգտնեին մեզ: 2 ամիս հետո կհանդիպենք նորից ու կքննարկենք այսօրվա արդյունքները, կտեսնենք` ինչքանով եւ ինչ արդյունք է տվել: Համոզված եղեք, չեն էլ հիշելու», - ասաց Համբարձումյանը:

«Ես հույս ունեմ: Որ հույս չունենայի, չէի գա հասնի այստեղ, տեսնենք», - ասաց մեկ այլ զոհված զինծառայողի մայր:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG