Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ «Մեզ մոտ կենսամակարդակի անկումը շարունակվել է»


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, այս սեպտեմբերին նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ գնաճը հանրապետությունում արագացել է։

Այսպես, ըստ ծառայության ներկայացրած թվերի, այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գներն աճել են 6.2 տոկոսով, մինչդեռ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գները աճել էին 4.8 տոկոսով։ Ընդ որում, եթե օգոստոսին 2010 թվականի օգոստոսի հետ համեմատած պարենային ապրանքների գները աճել էին 7.5 տոկոսով, ապա սեպտեմբերին պարենային ապրանքների թանկացումը արագացել է եւ նախորդ տարվա սեպտեմբերի հետ համեմատած պարենային ապրանքների գները աճել են արդեն 10.3 տոկոսով։

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան Ազգային վիճակագրական ծառայությունից փոխանցեցին, թե իրենց մոտ եղած վերջին տվյալների համաձայն, այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի հետ համեմատած միջին ամսական աշխատավարձը հանրապետությունում աճել է մոտ 4.5 տոկոսով՝ կազմելով 110 հազար 700 դրամ։ Այսինքն, միջին աշխատավարձը Հայաստանում աճել է ավելի քիչ, քան ընդհանուր գնաճն է, եւ էլ ավելի քիչ, քան աճել են սննդամթերքի գները։

Տնտեսագետ Սամվել Ավագյանի խոսքով, հայացք նետելով ներկայացված թվերին կարելի է փաստել, որ Հայաստանում շարունակում է գրանցվել կենսամակարդակի անկում։ Ավագյանը հիշեցրեց, որ նույն պատկերն էր նախորդ ամիսներին, երբ Հայաստանում գները (հատկապես սննդամթերքի գները) ավելի արագ էին աճում, քան աշխատավարձը։

«Գործ ունենք հետճգնաժամային այն երեւույթի հետ, որը կոչվում է ստագնացիա, որի դեպքում, թեեւ տեղի է ունենում տնտեսական աճի վերականգնում, բայց որոշ ժամանակ է հարկավոր, մինչեւ որ բնակչության եկամուտները կվերականգնվեն ու կենսամակարդակը կբարելավվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց տնտեսագետը։ - «Այսինքն՝ ե՛ւ 2010-ին, ե՛ւ 2011-ին սա կարծես թե սպասելի էր ու իրոք մեզ մոտ կենսամակարդակի անկումը շարունակվել է, աշխատավարձի աճը ավելի ետ է մնացել գների աճից, բայց արդեն այդ ռեսուրսը սպառվել է ու եթե դա շարունակվի նաեւ հաջորդ ժամանակահատվածներում, մենք արդեն լուրջ սոցիալական խնդիրների կբախվենք։ Կարող ենք արդեն վստահաբար ասել, որ կառավարության քաղաքականությունը ձախողված է»։

Սամվել Ավագյանը հիշեցրեց, որ այս տարվա պետբյուջեի մասին օրենքով 12-ամսյա գնաճը սահմանված է 4+/-1.5 տոկոս (այսինքն` ամենավատ սցենարով գնաճը չպետք է անցնի 5.5 տոկոսը, եւ Կենտրոնական բանկը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի գնաճը չանցնի այդ 5.5 տոկոսը):

«Միայն օգոստոս ամսին է հաջողվել օրենքի պահանջը կատարել` պայմանավորված բացառապես սեզոնային գործոններով: Ամառը գյուղատնտեսական պիկ սեզոն է, մթերքների գները նվազում են, իրոք ամռան ամիսներին գրանցվեց ինֆյլացիա, որը սպասելի էր: Սեզոնայնության գործոնը արդեն սեպտեմբերից աստիճանաբար չեզոքացվում է, այդ պատճառով մենք ունենք գնաճի տեմպի արագացում», - ասաց Ավագյանը:

Ըստ ԱՎԾ-ի այսօր հրապարակած տվյալների` այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի գնի 46.4 տոկոս աճ: Նույն ժամանակահատվածում ձվի հանրապետական միջին գինն աճել է 39.9 տոկոսով, կաթնամթերքինը` 22.7 տոկոսով, մսամթերքինը` 14 տոկոսով:

«Կառավարության եւ Կենտրոնական բանկի ջանքերը բավարար չեն եղել գնաճը սահմանված միջակայքում պահպանելու համար: Բայց ուզում եմ հատուկ ընդգծել, որ այժմ միջազգային շուկայից չեն գալիս գնաճային ճնշումներ, ընդհակառակը` ամռան ամիսներին եղել են գնանկումային ազդակներ միջազգային շուկայից, որովհետեւ ցորենն էր էժանանում, մի շարք ապրանքատեսակներ եւս էժանացան, եւ այս տարի պարենային խնդիրը սրված չէր», - ասաց տնտեսագետը:

Գնաճի միտումների մասին խոսելիս` Ավագյանը ասաց. - «Կա պաշտոնական կանխատեսում` Կենտրոնական բանկի կանխատեսումն է, իրենք վերաֆինանսավորման տոկոսի արձանագրության մեջ նշել են, որ կպահպանեն այդ միջակայքը` 4+/-1.5-ը: Թե ինչի վրա է հիմնված այդ լավատեսությունը այս քաղաքականության պարագայում, մի փոքր դժվար է ասել, բայց ես այդքան լավատես չեմ», - ասաց Ավագյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG