Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չի բացառում իր վերադարձը քաղաքականություն


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ կվերադառնա մեծ քաղաքականություն:

«Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում Քոչարյանը նշում է. - «Ինձ զարմացնում է իմ հնարավոր վերադարձի վերաբերյալ ծավալված քննարկումը` Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ ուղիղ փոխկապակցմամբ: Եվ դա տեղի է ունենում Հայաստանի Անկախության քսանամյակի ճոխ տոնակատարություններից անմիջապես հետո՞: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նուն հարթության մեջ պրոյեկցվեն դրսից»:

«Ես չեմ բացառում, որ կվերադառնամ մեծ քաղաքականություն: Սակայն, այդ քայլին ինձ կարող են դրդել ոչ թե այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանին թեեւ շատ մոտ եւ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց, այնուամենայնիվ, ուրիշ երկրում, այլ հետեւյալ երեք գործոնները. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը, հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը, իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը», - ասել է Քոչարյանը:

Հայաստանի երկրորդ նախագահը նշել է, որ այս երեք գործոնների առկայության պարագայում «կարող են տարբեր ճանապարհներ լինել ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար»:

Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Քոչարյանի հարցազրույցին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ բնական է գնահատում Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկությունը: Նրա խոսքով` յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում նաեւ պաշտոնաթող նախագահը իրավունք ունի ինքը որոշել ինչ դրդապատճառներից ելնելով եւ ինչպես վերադառնալ քաղաքականություն:

«Դա բացառապես իր եւ իր կողմնակիցների կամ իր քաղաքական թիմի որոշելու խնդիրն է: Դրանից Հանրապետական կուսակցության որեւէ ծրագիր չի փոխվում: Հանրապետականը ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ ունի հստակ ծրագիր` բարեփոխումների կուրսը, որը վճռական է իրականացնելու իր նախագահի` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ», - ասաց Շարմազանովը` միաժամանակ դրական գնահատելով, որ Հայաստանի երկրորդ նախագահը զարմանալի է համարում, երբ իր վերադարձը կապում են այլ երկրի քաղաքական վերադասավորումների հետ:

Քոչարյանի մատնանշած դրդապատճառներին, մասնավորապես, «հասարակության շրջանում փակուղային տրամադրությունների առկայությունը» անդրադառնալով` Հանրապետականի խոսնակն ասաց, որ երկրում «փակուղային վիճակ չկա»:

«Հայաստանում կան խնդիրներ, բայց դրանք լավագույնս կարող է լուծել գործող իշխանությունը», - ասաց Շարմազանովը:

Հարցին, հնարավոր համարո՞ւմ է, որ Քոչարյանը Հանրապետականի միջոցով վերադառնա ակտիվ քաղաքականություն, Շարմազանովը պատասխանեց. - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը նման հարց ո'չ իր խորհրդի, ո'չ էլ գործադիրի նիստում առայսօր չի քննարկել»:

Շարմազանովը նաեւ, իրեն բնութագրելով որպես «անուղղելի օպտիմիստ», ասաց, թե հնարավոր չի համարում, որ Քոչարյանի վերադարձը առճակատումների հանգեցնի նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

«Կարծում եմ` մեզ մոտ առճակատումների եւ բախումների ժամանակներն անցյալում են, մենք պետք է գնանք առաջ, կառուցենք ազգային եւ ժողովրդավարական երկիր», - ասաց նա:

Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու ցանկությանը արձագանքեց նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Հայաստանի հասարակության լայն շերտերը Ռոբերտ Քոչարյանին ցանկանում են տեսնել միայն մեղադրյալի աթոռին: Իր կողմից սա ընդամենը ապագա ամբաստանյալի կարգավիճակից խուսափելու փորձեր են, ուրիշ ոչինչ: Ինքնապաշտպանության ձեւ է իր անխուսափելի ճակատագրից, որ նա օրենքի առաջ պատասխան է տալու հայ ժողովրդի հանդեպ կատարած իր հանցագործությունների համար», - ասաց Շահնազարյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG