Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը կասի, թե ինչու չի առաջադրվում երկրորդ անգամ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տալիս երեք հեռուստաալիքներին, Գորկի, 29-ը սեպտեմբերի, 2011թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տալիս երեք հեռուստաալիքներին, Գորկի, 29-ը սեպտեմբերի, 2011թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր մերձմոսկովյան նստավայրում պատասխանել է համառուսաստանյան երեք հեռուստակայանների ղեկավարների հարցերին։

Երեւանի ժամանակով ժամը 21։30 հեռարձակվելիք ելույթում Ռուսաստանի նախագահը փորձելու է իր հայրենակիցներին բացատրել, թե ինչու է որոշել չառաջադրվել երկրորդ անգամ։

Հարցազրույցում, որի որոշ հատվածներ արդեն հայտնի են մամուլին, Մեդվեդեւը հավաստիացնում է, որ 2012-ի ընտրությունները կլինեն ազատ ու արդար, եւ բացարձակ անիմաստ է այսօր պնդել, թե արդեն, իբրեւ թե, որոշված է հաղթողի անունը։

«Տապալվել կարող է թեկնածուներից յուրաքանչյուրը», - նախազգուշացրել է Ռուսաստանի գործող նախագահը։

«Կոմերսանտ» օրաթերթի փոխանցմամբ` այդ հարցազրույցը նախօրեին տեսագրվել է նախագահի մերձմոսկովյան նստավայրում, որտեղ Մեդվեդեւին հարցեր են ուղղել Առաջին կայանի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, Հեռուստատեսության եւ ռադիոյի համառուսաստանյան պետական ընկերության ղեկավար Օլեգ Դոբրոդեեւը եւ ՆՏՎ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը։

Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ միայն քաղաքացիներին է վերապահված քաղաքական գործչին կամ կուսակցությանը սատարելու կամ մերժելու իրավունքը։ «Դա է ժողովրդավարությունը», - ընդգծել է նախագահը։

Ինչպես հայտնի է, Պետական դումայի այս տարվա ընտրություններում Մեդվեդեւը գլխավորելու է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն նա վճռել է չմասնակցել նախընտրական բանավեճերին։

«Դմիտրի Անատոլեւիչը գլխավորելու է մեր ցուցակը, բայց հանրային քննարկումների համար մենք ունենք բանավիճողների լուրջ թիմ», - ասել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նեւերովը։

Այդ կառույցին կից հանրային խորհրդի ղեկավար Ալեքսեյ Չեսնակովն էլ ավելացրել է, թե «կուսակցությունը նախագահին կառաջարկի նախընտրական արշավում մասնակցելու նոր ստեղծագործական ձեւաչափեր, եւ նախագահն էլ կորոշի, թե դրանցից որը կընտրի»։

Ռուսաստանում եւ Արեւմուտքում վերլուծաբանների մեծ մասը համոզված են, որ Վլադիմիր Պուտինն անպայման կվերադառնա Կրեմլ, միաժամանակ նրանք նշում են, թե Մեդվեդեւի վարչապետությունը երաշխավորված համարել չի կարելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG