Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել` Միացյալ Նահանգների քաղաքացիներին զգուշացնելով, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի, ինչպես նաեւ դրան հաջորդող երթի ընթացքում կարող են լինել բռնություններ:

«Մենք զգուշացնում ենք ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ թեեւ ցույցերը նախատեսված են խաղաղ լինել, սակայն դրանք կարող են վերածվել առճակատման եւ հնարավոր է հանգեցնեն բռնությունների` առանց զգուշացման», - ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրությունում։ - «Հնարավորության դեպքում շրջանցեք ցույցերի անցկացման վայրերը, ինչպես նաեւ զգուշություն ցուցաբերեք դրանց հարող տարածքներում»:

Դեսպանատունը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին տեղեկացնում է, որ արտոնված քաղաքական հանրահավաքը նախատեսված է սեպտեմբերի 30-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում, դրան հաջորդելու է երթը: Այն մեկնարկելու է Ազատության հրապարակից, անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով, այնուհետեւ նախատեսված է Հյուսիսային պողոտայով վերադարձ դեպի Ազատության հրապարակ։ Դեսպանատունը, սակայն, զգուշացնում է, որ երթը կարող է ընդգրկել նաեւ Երեւանի կենտրոնի այլ տարածքներ։

Ոստիկանությունից ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին,որ ծանոթ են դեսպանատան հաղորդագրությանը, բայց ընդդիմության ծրագրած հանրահավաքի եւ երթի ընթացքում հնարավոր բախումների եւ բռնությունների մասին տեղեկություններ չունեն. ամեն դեպքում, ոստիկանությունը ամեն ինչ անելու է հասարակական կարգը պահպանելու համար։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան լրատվության բաժնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դիվանագիտական առաքելությունը քաղաքում կազմակերպվող յուրաքանչյուր հանրահավաքից առաջ ԱՄՆ-ի քաղաքացիներին զգուշացնում է այդ մասին եւ համապատասխան հաղորդագրությունը մշտապես տեղադրում է իր պաշտոնական կայքում։

Այդ հաղորդագրությունը նախատեսված է միայն Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիների համար, եւ նմանատիպ զգուշացումներ եղել են նաեւ նախորդ բոլոր հանրահավաքների ժամանակ, ընդգծեցին դեսպանատան մամուլի բաժնից։

Նշենք, որ ի տարբերություն նախորդների` այս անգամ հայաստանյան մամուլը անդրադարձել է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG