Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների պնդմամբ, խոչընդոտվել է հանրահավաքի իրազեկում իրականացնող ՀԱԿ ակտիվիստների աշխատանքը


Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ընդդիմադիր ակտիվիստները

Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ընդդիմադիր ակտիվիստները

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստների պնդմամբ, երեկ Երեւանի Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում փորձել են խոչընդոտել սեպտեմբերի 30-ի հանրահավաքի իրազեկման նպատակով թռուցիկներ տարածելու իրենց աշխատանքները։

«Մեզ հետեոււմ էին երկու ոստիկանական մեքենայով պարեկապահակային ծառայության աշխատակիցները, նաեւ ոտքով մեզ հետեոււմ էին քաղաքացիական հագուստով 3-4 քրեական հետախուզության աշխատակիցներ, սակայն երբ հասանք Հանրապետության հրապարակ՝ Տիգրան Մեծ փողոցի սկզբնամաս, ոստիկանները հանկարծ անհետացան ու հայտնվեցին քաղաքացիական հագուստով 7-8 երիտասարդներ, փորձեցին խոչընդոտել իրազեկման աշխատանքները», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց ընդդիմադիր ակտիվիստ Արեգ Գեուրգյանը։

Ընդդիմադիր ակտիվիստի համոզմամբ՝ «տեղի ունեցածը եղել է սադրանք»:

«Բավական երկար ժամանակ այդ վիճաբանությունը, խոսակցությունը կատարվում էր ոստիկանության պարեկապահակային ծառայության դիմաց», - նշեց Արեգ Գեուրգյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ միջադեպին առնչվող հանգամանքները պարզվում են:

Երեկվա միջադեպին մասնակից ընդդիմադիրներից ոմանք ներգրավված են օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով հարուցված քրեական գործով: Այս փուլում առերեսումներ են անցկացնում վկա ոստիկանների եւ ընդդիմադիր 7 ակտիվիստների միջեւ: Ընդդիմադիրները մեղադրվում են խուլիգանության, նաեւ` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ընդդիմադիր ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց` նախաքննությունն արձանագրում է իրարամերժ ցուցմունքներ։

«Եթե ակտիվիստներն ասում են, որ մեր նկատմամբ իրականացվել են բռնություններ, ծեծ, սպառնալիքներ, հայհոյանքներ են հնչել, այդ հանգամանքը հերքվում է ոստիկանության աշխատակիցների կողմից, եւ ընդհակառակը նրանք են ասում, որ տղաների կողմից են հնչել հայհոյանքներ իրենց հասցեին, դիմադրություն են ցույց տվել նրանց», - նշեց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG