Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում Հայաստանի մասին բանաձեւի նախագիծը հնարավոր է փոփոխվի


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վեհաժողովի լիագումար նիստում հաջորդ շաբաթ քննարկվելիք Հայաստանի մասին բանաձեւի նախագիծը հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկվի:

ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձեւի նախագծում Վեհաժողովը ողջունում է «իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկը», եւ կարծում է, որ երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի «քաղաքական միջավայրի հետագա կարգավորմանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական եւ մրցակցային ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:

Հաշվի առնելով, որ երկխոսությունն արդեն ձախողված է, Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, բանաձեւի նախագիծը հնարավոր է հարմարեցվի Հայաստանի այսօրվա իրավիճակին:

«Այն պահին, երբ նախապատրաստվում էր բանաձեւը, երկխոսությունը դեռեւս ընթանում էր: Իհարկե, կարող են փոփոխություններ լինեն», - ասաց Հարությունյանը:

Բանաձեւի նախագծում ողջունելով մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով կալանավորվածներին ազատ արձակելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, Վեհաժողովը համարում է, որ ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ արդյունավետ երկխոսության մեկնարկը, վերջին համաներման արդյունքները, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությանը նոր թափ հաղորդելը նշանակում է, որ 2008-ի մարտյան իրադարձություների էջը ի վերջո կարելի է փակված համարել:

Դավիթ Հարությունյանը համաձայնեց, որ նոր նախագիծը բավականաչափ դրական շեշտադրումներ է պարունակում նախորդների համեմատ:

«Համեմատության մեջ, անշուշտ դրական է փոփոխությունները, իսկ արդյո՞ք բոլոր խնդիրները, որ մեր առջեւ ծառացած են, լուծել ենք` իհարկե, ոչ», - ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Դավիթ Հարությունյանը նախագիծը որակեց «օբյեկտիվ», իսկ «2008-ի մարտյան իրադարձություների էջը ի վերջո կարելի է փակված համարել» ձեւակերպման շուրջ վերջին շաբաթներին ծավալված դժգոհությունները նրա կարծիքով «կոնտեքստից կտրված մեկ նախադասության» մեկնաբանելու փորձեր են:

«Այդ բանաձեւի դրույթների սահմանափակ մեկնաբանություն է, այդ բանաձեւում մարտի 1-ի իրադարձություններին նվիրված է շատ ավելի մեծ հատված, կան բազմաթիվ հարցադրումներ եւ բազմաթիվ տեսանկյուններից է դիտվում այդ հարցը», - ասաց Հարությունյանը:

Նախագծում Վեհաժողովն իր մտահոգությունն է արտահայտում «2008-ի մարտիմեկյան իրադարձություններում 10-ը մահվան հանգամանքների հետաքննության գործընթացում արդյունքների բացակայության առնչությամբ»` ընդգծելով, որ «քննությունը նաեւ պետք է ուշադրության կենտրոնում պահի հրամանատարության պատասխանատվության խնդիրը»: ԵԽԽՎ-ն նաեւ անհրաժեշտ է համարում, որպեսզի մինչեւ 2011-ի վերջը քննչական մարմինը հրապարակի վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույց, քանի որ «դրա ժամանակին հրապարակումը կարեւոր է Հայաստանի նորագույն պատմության այս ցավոտ դրվագը փակելու համար»:

ԵԽԽՎ-ում ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բանաձեւի նախագիծը որակելով «չափազանց միակողմանի», «իշխանության տեսակետներն» արտահայտող եւ «զարմանալի» փաստաթուղթ, նախագծում մեծ փոփոխություններ չէր ակնկալում:

«Եթե ինչ-որ փոփոխություն տեղի ունենա, ես, ցավոք սրտի, ակնկալում եմ, որ այդ փոփոխությունը կլինի ընդամենը ինչ-որ հորդորի տեսքով, որ երկխոսությունը վերսկսվի եւ այլն: Բայց որեւէ սկզբունքային փոփոխություն փաստաթղթի տրամաբանության մեջ ես չեմ ակնկալում: Կարծում եմ, որ սա քաղաքական որոշում է, դեմոկրատական արեւմուտքը տակավին սպասելիքներ ունի մեր իշխանություններից` կապված հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի հետ, եւ նրանք պատրաստ են որոշակի սկզբունքներ զոհաբերել այդ քաղաքական շահերի համար», - ասաց Գրիգորյանը:

Բանաձեւի նախագծի վերաբերյալ իր մտահոգություններն էր արտահայտել նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը` Վեհաժողովին առաջարկելով փոփոխություններ մտցնել բանաձեւի վերջնական տարբերակում: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ ընդդիմադիր ՀԱԿ-ին պատասխանատու համարեց ԵԽԽՎ-ում նման նախագծի առաջ քաշման համար:

«Այսինքն ստացվեց այնպես, որ ընդդիմության մի թեւի անհեռատեսության արդյունքում պարզապես մարտի 1-ի էջը փակվեց ոչ թե այն պատճառով, որ այն բացահայտվեց, այլ փակվեց այն պատճառով, որ երկխոսություն տեղի ունեցավ կամ երկխոսությունը հանգեցրեց դրան: Չգիտեմ` որքանով էր ՀԱԿ-ը գիտակցում այս հանգամանքը կամ չէր գիտակցում», - ասաց Սաֆարյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ իրենք ի սկզբանե խոստացել էին, որ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում կսկսեն իշխանությունների հետ երկխոսությունը:

«Թող իրենց դժվարություն տան մտածելու, թե ինչ կլիներ, եթե մենք երկխոսության մեջ չմտնեինք: Դրանից հետո կլիներ նույն բանաձեւը, ուղղակի այնտեղ կնշվեր, որ չնայած ընդդիմության խոստումների, որ քաղբանտարկյալների ազատման դեպքում նրանք կընդգրկվեն երկխոսության մեջ, եւ չնայած իշխանության կողմից արտահայտված պատրաստակամությանը, ընդդիմությունը հրաժարվեց մտնել երկխոսության մեջ: Ընդամենը դա կգրվեր, եւ իշխանությունները բացարձակապես ոչնչով չէին տուժի, դեռ մի բան էլ ավելի` միավորներ կստանային ԵԽ-ի աչքում», - ասաց Զուրաբյանը:

Նա նաեւ փոխանցեց, որ համազեկուցողները տեղյակ են վերջին զարգացումներից. - «Վստահ եմ, որ, այնուամենայնիվ, այդ նախագիծը այդպես չի մնա», - համոզմունք հայտնեց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG