Մատչելիության հղումներ

«Եվրոպային անհրաժեշտ է Արեւելյան նոր քաղաքականություն»


Թոմաս դե Վաալ
Թոմաս դե Վաալ

Վերլուծաբան Թոմաս դե Վաալը Financial Times-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է Արեւելյան գործընկերության ծրագրին։

Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող դե Վաալը գրում է, թե եվրոգոտու ճգնաժամի եւ աշխարհամասի հարավային սահմանների մոտակայքում շարունակվող հուզումների պայմաններում Եվրոպայի ղեկավարները քիչ ուշադրություն են հատկացնում արեւելյան սահմաններից այն կողմ ծավալվող զարգացումներին։

Մինչդեռ, նրանք պարտավոր են փոխել այդ մոտեցումը, ընդգծում է վերլուծաբանը` հավելելով, թե Վլադիմիր Պուտինի ազդարարած վերադարձը վկայում է, որ Եվրամիությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ տարածաշրջանը եւ ներկայանա որպես այլընտրանք ռուսաստանյան ավտորիտար մոդելին։

Անհանգստության ազդանշանները հետխորհրդային եվրոպական վեց երկրներից` Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, վաղուց են հասնում։ Քսան տարի առաջ անկախություն հռչակած այդ վեցյակն այսօր հիասթափվածների խմբի է վերաճել։

Փոքրիկ Մոլդովան, թերեւս, դրանց շարքում լուսավոր կետն է, ունի առաջադիմական կառավարություն, սակայն ամենաթշվառն է, իսկ բարեփոխումների ծրագիրն էլ մեծավ մասամբ թղթի վրա է մնում, նշում է դե Վաալը։

Բելառուսը, որտեղ տիրում է Եվրոպայի ամենաբիրտ լիդերը` Ալեքսանդր Լուկաշենկան, սնանկացման շեմին է։

Վրաստանի իշխող վերնախավը արդիականացմանն ուղղված որոշ տպավորիչ բարեփոխումներ է իրականացրել, սակայն նրա դեմոկրատական նվաճումների պատմությունը անբիծ չէ։ Վրաստանն այսօրվա դրությամբ գործնականում դարձել է միակուսակցական պետություն, որում հսկողության եւ հակակշիռների մեխանիզմներ գրեթե չեն պահպանվել։

Հայաստանն ու Ադրբեջանն էլ տակավին կաթվածահար վիճակում են Լեռնային Ղարաբաղի վիճարկելի տարածքի շուրջ առկա հակամարտության հետեւանքով, գրում է Թոմաս դե Վաալը։

Եվրամիությունը Վարշավայում նոր լիցք է հաղորդելու Արեւելյան գործընկերության կարեւոր, սակայն մերթ ընդ մերթ ընդհատվող նախաձեռնությանը, գրում է վերլուծաբանը` ընդգծելով, որ Եվրամիությունը ուղեցույց աստղ է ոչ թե արաբական աշխարհի, այլ այս տարածքի միլիոնավոր մարդկանց համար, որովհետեւ նրանք իրենց եվրոպացի են համարում, սակայն շատ հուսահատված են իրենց երկրներում ոչ պատշաճ կառավարման եւ մշտապես առկա աղքատության իրողությունից։

Խնդիրը Ռուսաստանի կայսերական նկրտումների մեջ չէ. բացառությամբ Աբխազիայի եւ Ղրիմի հանգամանքների` պաշտոնական Մոսկվան, ըստ էության, ետ է քաշվել իր նախկին գաղութներից եւ առավելապես զբաղված է ներքին այնպիսի հարցերով, ինչպիսին անկայուն Հյուսիսային Կովկասն է։

Ռուսաստանին մտահոգում էին ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի եւ Ուկրաինայի ձգտումները, սակայն դրանք այսօր արդեն հրատապ չեն։

Ռուսներին ավելի շատ տնտեսական հարցերն են հետաքրքրում, վերընտրված Պուտինը հավանաբար կփորձի կլանային կապիտալիզմի համակարգն արտահանել, ասենք, Ուկրաինայի հետ մաքսային միություն կազմելու միջոցով։

Եվրամիությունը, եթե ցանկանա, կարող է առաջարկել ավելի պայծառ հեռանկար։ Հիմա Եվրամիությունն այլեւս չի գայթակղում իր «ամենաքաղցր բլիթով»` անդամության հեռանկարով, եւ վեց երկրներում իշխող վերնախավերի հետ երկխոսությունը չընդհատելու համար դարձել է ավելի մեղմ ընթացիկ այնպիսի հարցերում, ինչպիսին են բարեփոխումները եւ ընտրությունները։

Մինչդեռ, Թոմաս դե Վաալի համոզմամբ, իրականում ճիշտ հակառակն է անհրաժեշտ։ Եվրամիության լիդերները պետք է հայտնեն, որ տեսականորեն ապագայում այդ վեց երկրները կարող են միանալ կառույցին, պայմանով, որ համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին։

Անդամակցության հույսի տրամադրումը չպետք է լինի տաբու։ Թուրքիան 1960 թվականից է սպասում, եւ այդ սպասումը նպաստել է երկրի զարգացմանն ու արդիականացմանը։

Միաժամանակ, մեծ սխալ կլինի, եթե Եվրամիությունն անտեսի ընտրությունների կամ առեւտրային համաձայնագրերի հարցերը։ Վատ ընտրությունը վատ ընտրություն անվանելը ազդանշան է առ այն, որ որոշ կառավարություններ մյուսներից ավելի լեգիտիմ են, նկատում է վերլուծաբանը։

Արեւելյան նոր քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ այս տարածքում ապրող շարքային մարդիկ` իրենց ղեկավարների համեմատությամբ, ավելի եվրոպամետ են, ուստի այն ամենը, ինչ կարող է թեթեւացնել վիզաների տրամադրումը, ուսանողների եւ մասնագետների համար դյուրին դարձնել արտասահման մեկնելը, ապագայում անպայման մեծ օգուտ կբերի, համոզված է դե Վաալը։

Վերլուծաբանը այսպես է ավարտում Financial Times-ում հրապարակած հոդվածը. - «Մի պահ մոռացեք ֆինանսական ճգնաժամը, ավելի մեծ եւ ազատ Եվրոպան այն տեսլականն է, որին պարտավոր են թիկունք կանգնել թե՛ Գերմանիան եւ թե՛ Հունաստանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG