Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Մեղրիում կանցկացվեն հայ-իրանական բարեկամության օրեր` նվիրված 2 երկրների բարեկամության 20-ամյակին:

Մեղրիի մշակույթի տանը կազմակերպվելու է հայկական եւ իրանական գեղանկարչության, ժողարվեստի, ազգային նվագարանների ցուցադրություն, ներկայացվելու են ազգային պարերը:

Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբան իր խոսքում նշեց, որ նման մշակութային ծրագրերի կազմակերպումը շարունակական բնույթ է ունենալու:

Բացի Մեղրիում կազմակերպվելիք միջոցառումներից, Երեւանում նույնպես առաջիկա շաբաթվա ընթացքում կանցնեն թատերական, երաժշտական եւ մշակութային այլ միջոցառումներ:

«Իրանական ավանդական երաժշտության 2 համերգ կկայանա հաջորդ շաբաթ Երեւանում. Մեկը Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում, մյուսը` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Հոկտեմբերի 8-ին ժամը 17:00-ին դերասանի տանը կներկայացվի «Մակբեթ» ներկայացումը իրանական ոճով», - նշեց Մոհամմադ Ռեզա Շաքիբան:

Կազմակերպիչները կարեւոր են համարում այն հանգամանքը, որ միջոցառումը իրականացվում է ոչ թե մայրաքաղաքում, այլ Սյունիքի մարզում` փորձելով մարզերի բնակիչներին նույնպես ընդգրկել մշակութային կյանքի մեջ:

Մշակույթի ոլորտում այս ձեւաչափով միջոցառումների իրականացումը շարունակվելու է նաեւ Իրանում եւ պարբերական բնույթ է կրելու: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշում է, որ մեծ գործ է արվել իրանական գրականությունը հայ ընթերցողին հասանելի դարձնելու ուղղությամբ եւ հակառակը:

«Արդեն 6-7 տարի է Իրանի մշակույթի կենտրոնը թարգմանում եւ մեզ է ներկայացնում Իրանի դասական եւ ժամանակայից պոեզիան», - ասաց Անանյանը:

Հայ-իրանական բարեկամությանը օրերին ընդառաջ Մեղրի քաղաքում տեղադրվել է հուշակոթող:

XS
SM
MD
LG