Մատչելիության հղումներ

Քոչարյանը չի դիմել 2012-ի ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկվելու համար


Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմում կամ առաջարկ չի ներկայացրել Հայ հեղափոխական դաշնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության ցուցակում ընդգրկվելու համար:

Այս մասին հինգշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունը իր նախընտրական ցուցակում ընդգրկի նաեւ Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հավանական էր համարել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը 2012-ի խորհրդարանական ընտրություններում:

«Նման դիմում, առաջարկ մեզ չի եղել: Ուրեմն մենք այս հարցին պատասխանելու կարիք էլ չունենք, որովհետեւ նման քննարկում չենք ունեցել», - ասաց Վահան Հովհաննիսյանը` հավելելով. - «Եթե դիմի, քննարկում կլինի: Իսկ թե քննարկման արդյունքում ինչ կլինի, դա ես չգիտեմ»:

Հարցին, թե Քոչարյանի անունը նախընտրական ցուցակում ընդգրկելը կուժեղացնի՞, թե կթուլացնի Դաշնակցության դիրքերը, Հովհաննիսյանը արձագանքեց, թե քանի որ նման ընդգրկում տեղի չի ունեցել, չի կարող քննարկել դրա հնարավոր դրական կամ բացասական հետեւանքները:

ՀՅԴ-ն, հիշեցնենք, 1998 եւ 2003 թվականների նախագահական ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանին:

2013-ի նախագահական ընտրություններին անդրադառնալիս` Վահան Հովհաննիսյանն ասաց, թե Դաշնակցությունը հանդես է գալու նախագահի իր թեկնածուով: Նա նշեց, որ հիմա չի կարող ասել, թե ով կլինի իր կուսակցության թեկնածուն:

Վահան Հովհաննիսյանը խոսեց նաեւ վերջին հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի` մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջի մասին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը գնա արտահերթ լուծումների, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Արտահերթ լուծումները որո՞նք են` պառլամենտի լուծարում եւ նոր պառլամենտական ընտրությունների նշանակում: Սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահին դա անել, ուրեմն մնում է երկրորդ տարբերակը. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ու ասում է` եկեք, տղերք, դուք ընտրվեք: Դո՞ւք ինքներդ տեսնում եք որեւէ մոտիվացիա, որ ինքը նման քայլ անի: Ես չեմ տեսնում, ինչո՞ւ պիտի նա դա անի: Արդյո՞ք նրա վրա ճնշումը ՀԱԿ-ի կողմից այդքան ուժեղ է: Չեմ կարծում, որովհետեւ երբ դու պահանջում ես արտահերթ ընտրություններ եւ միեւնույն ժամանակ ասում ես, որ մաքսիմալիստ չես եւ պատրաստ ես զիջել, պիտի բարի լինես բացատրել` ո՞ր հարցում ես պատրաստ զիջել` մինչեւ նոր տարի արտահերթ ընտրություններ, թե՞ մինչեւ փետրվարի 18-ը կամ մինչեւ մարտի 6-ը: Որտե՞ղ ես զիջում, հենց որ ասացիր այդ զիջումը, կտեսնեք մյուս հանրահավաքին քանի հոգի կգա»:

Անդրադառնալով ՀԱԿ - իշխանություն առկախված երկխոսությանը` Դաշնակցության ղեկավար անդամը ասաց, թե Հայ ազգային կոնգրեսը, փաստորեն, ինքն իրեն ծուղակը գցեց, քանի որ քաղբանտարկյալ հռչակեց «խուլիգանություն» հոդվածով կալանավորված իր ակտիվիստին. - «Փաստորեն ստացվեց, որ Հայաստանում ով ուզի կարող է իրեն հայտարարել քաղբանտարկյալ, եւ այնքան էժանացվեց քաղբանտարկյալ հասկացությունը, որ այդ ծուղակի մեջ ընկնելով, փաստորեն, ՀԱԿ-ը դուրս եկավ այն բանակցություններից, որոնք չի բացառվում, որ կարող է բերեին իրենց եւ իշխանության միջեւ համաձայնության մի մոդելի, որը փոխադարձ ձեռնտու էլեմենտներ ունենար: Բայց գերի են… Ինչ-որ մի խուլիգանության հոդվածով նստած մարդու հայտարարել են քաղբանտարկյալ ու չեն կարողանում այդ բեռի տակից դուրս գալ: Նման բանը չպետք է քաղաքական ուժին, որը լրջության է հավակնում, այսպիսի պատանդի վիճակում պահի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG