Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիան այսօր ավարտվեց առանց վարչապետի հետ հանդիպման


Կրպակատերերը հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի դիմաց, 29 սեպտեմբեր, 2011

Կրպակատերերը հերթական բողոքի ակցիան են անցկացնում կառավարության շենքի դիմաց, 29 սեպտեմբեր, 2011

Երեւանի կրպակատերերն այսօր կառավարության շենքի առջեւ պաստառներով կանգնած՝ հանդիպում էին պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Կառավարությունից որեւէ ներկայացուցիչ այդպես էլ չմոտեցավ նրանց։ Փոխարենը՝ կառավարության նիստից հետո կրպակատերերին հանդիպեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Նա ասաց, թե այս շաբաթ իր գրասենյակը կավարտի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ իրավական վերլուծություններն ու արդեն հաջորդ շաբաթ պատասխան կտա Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության մասին։

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձավ նաեւ անհատական գործերին։ Նա ասաց, թե կրպակների ապամոնտաժման վերաբերյալ իրեն ներկայացված 53 դիմումներից ուսումնասիրվել է 21-ը եւ պարզվել է, որ դրանց ապամոնտաժումը օրինական է։

«Ես չեմ ասում, դա արդար է, թե չէ։ Օրինական է ապամոնտաժումը։ Մնացածը հիմա քննարկման փուլում է, քաղաքապետարանին գրություններ ենք գրել, սպասում ենք, որպեսզի տանք մեր վերջնական պատասխանը։ Այսինքն, եկող շաբաթ մենք կտանք մեր արձագանքը, թե որը ինչպիսի իրավական վիճակ ունի», - նշեց Անդրեասյանը։

Բողոքի ակցիային ներկա էր Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա շեշտեց, որ Երեւանի քաղաքապետը մինչեւ օրս գրավոր որոշում չի կայացրել կրպակների ապամոնտաժման վերաբերյալ` որպեսզի կրպակատերերին զրկի պաշտպանվելու իրավունքից: Նաեւ` եթե այդպիսի որոշում լինի, փոխհատուցման հարց կառաջանա:

«Եթե քաղաքային իշխանությունները գտնում են, որ դրանք անօրինական են, ապա պետք է մտնեն դատարան` նախկին թաղային իշխանություններին պատասխանատվության կանչելու եւ համապատասխան փաստաթղթերը ապօրինի ճանաչելու համար: Քանի դեռ նրանք դա չեն արել, որեւէ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնելու նախկին թաղային իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը, որովհետեւ դրանք որեւէ դատարանի կողմից ապօրինի չեն ճանաչվել», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Երեւանում ապամոնտաժվել է 307 կրպակ: Քաղաքապետարանի տվյալներով, քաղաքում կա 2550 կրպակ, որոնցից առաջիկայում ապամոնտաժման է ենթակա 243-ը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG