Մատչելիության հղումներ

Թուրք ծաղրանկարիչը կարող է բանտարկվել ալլահի գոյությունը ժխտելու համար


Թուրքիա - Սուլթան Ահմեթ մզկիթը Ստամբուլում
Թուրքիա - Սուլթան Ահմեթ մզկիթը Ստամբուլում
Թուրք ծաղրանկարչին բանտարկություն է սպառնում հումորային Penguen ամսագրում տպագրած մի ծաղրանկարի պատճառով, որում նա ժխտում է ալլահի գոյությունը։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet Daily News-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազը մեղադրանք է հարուցել ծաղրանկարիչ Բահադիր Բարութերի նկատմամբ` հասարակության կրոնական արժեքները վիրավորելու հոդվածով:

Ծաղրանկարում պատկերված են մզկիթում աղոթող մարդիկ, որոնցից մեկը բջջայինով զանգահարում է ալլահին` խնդրելով թույլ տալ բացակայել աղոթքից` խիստ հրատապ գործերի պատճառով: Սակայն մեղադրանքների համար ծաղրանկարի այս բովանդակությունը չէ, որ պատճառ է հանդիսացել, այլ նկարում մզկիթի պատերի զարդանախշերի մեջ մանր տառերով գրված արտահայտությունը. - «Ալլահ չկա` կրոնը խաբեություն է»:

Ստամբուլի գլխավոր դատախազը հայտնել է, որ արձագանքել է բազմաթիվ մարդկանց բողոքներին եւ քրեական գործ է հարուցել ծաղրանկարչի նկատմամբ: Եթե դատարանը Բարութերին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում:

Սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհիկ Թուրքիայում կրոնական որոշ զգայուն թեմաներ գրաքննության են ենթարկվում:

Այս տարվա ապրիլին Guardian-ը հաղորդել էր, որ Թուրքիայից հեռացած իմամ Ֆեթուլա Գյուլենի ղեկավարած կրոնական միաբանության եւ ոստիկանության կապերի մասին պատմող անավարտ գիրքը գրաքննության էր ենթարկվել կառավարության կողմից, գրքի հեղինակները ձերբակալվել էին:

Սա նաեւ առաջին դեպքը չէ, երբ ծաղրանկարները մահմեդական հասարակության շրջանում վրդովմունքի մեծ ալիք են բարձրացնում: Ամենահայտնին 2005 - 2006 թվականներին դանիական թերթերից մեկում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հետ կապված սկանդալն էր: Թերթում պատկերված 12 ծաղրանկարները, որոնցից մեկում, օրինակ, Մուհամեդ մարգարեն պատկերված էր ռումբի տեսք ունեցող չալմայով, ռումբի պայթյունի ազդեցություն ունեցան, վրդովմունքի հսկայական ալիքը, որ բարձրացավ, պատճառ հանդիսացավ դանիական դեսպանատների վրա հարձակման, դանիական ապրանքների բոյկոտի, ինչպես նաեւ ծաղրանկարչի եւ թերթի խմբագրության հասցեին բազմաթիվ սպառնալիքների համար:

Այդ սպառնալիքները շարունակվում են մինչ օրս: Վերջերս` սեպտեմբերի 18-ին նորվեգական հատուկ ծառայությունները կանխել են ծաղրանկարների հեղինակ Կուրտ Վեստերվաարդի վրա պատրաստվող հերթական հարձակումը: Ծաղրանկարների հրապարակումից ի վեր դրանց հեղինակը ապրում է ոստիկանների հսկողության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG