Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները գոհունակությամբ փաստել եւ ողջունելի են համարել Հայաստանի տնտեսության մեջ ֆրանսիական ներդրումների աճը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական մակարդակով շարունակել աջակցել եւ խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Կարեւորվել է հատկապես էներգետիկ համակարգում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային նոր կայանի կառուցման աշխատանքներում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը: Ֆիյոնը նշել է, որ այդ նպատակով իր երկրի համապատասխան պաշտոնյաներից եւ ոլորտի մասնագետներից կազմված խումբ կգործուղվի Հայաստան՝ տեղում քննարկելու համագործակցության հեռանկարը:

Անդրադարձ է եղել ճանապարհաշինության բնագավառում, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքներում Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանն ու ֆրանսիական ընկերությունների ներգրավմանը: Ըստ Ֆրանսիայի վարչապետի, համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան նաեւ ճանապարհաշինության ու Հայաստանի երկաթգծերի ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով:

Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Ֆիյոնը քննարկել են նաեւ Հայաստան - Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես՝ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության շրջանակներում: Զրուցակիցները նշել են, որ այդ հարցերը հանգամանորեն քննարկելու առիթ կունենան նաեւ մոտ օրերս Վարշավայում տեղի ունենալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում:

Հայաստանի նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը քննարկել են նաեւ կրթության, մշակույթի ոլորտներում եւս գործակցության խորացման հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG