Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 29-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Երեկ Ֆրանսիայում, պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանի եւ այդ երկրի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների ավելացման հնարավորությունների հարցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սերժ Սարգսյանն ու Ֆիյոնը քննարկել են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության հարցը, ինչի հեռանկարներն ու հնարավորությունները պարզելու համար պատվիրակություն կժամանի Հայաստան եւ տեղում կծանոթանա նոր ատոմակայանի ծրագրին։ Եթե իհարկե, այդ նախագիծն իրականում մեծ բլեֆ չէ, ուրեմն բավական հետաքրքրական է, որ «Ռոսատոմից» բացի, դրանով հետաքրքրվում է նաեւ Ֆրանսիան։ Ինչպես հայտնի է, «Ռոսատոմը» պատրաստակամություն է հայտնել ապահովել նոր ատոմակայանի շինարարության միայն քսան տոկոսի ֆինանսավորումը, ինչը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար, հաշվի առնելով, որ նոր ատոմակայանի արժեքը գնահատվում է մոտ 5 միլիարդ դոլար։ Հետաքրքիր է, թե ֆինանսավորման ի՞նչ չափաբաժնի պատրաստակամություն կհայտնի Ֆրանսիան, եւ չի բացառվում, որ նոր ատոմակայանը Հայաստանում լինի էներգաարտադրող բացառիկ օբյեկտ, որը ռուսների ենթակայության կամ տնօրինության տակ չէ։ Դա իսկապես կարող է առնվազն հոգեբանական տնտեսա-քաղաքական շրջադարձային իրողություն լինել Հայաստանում»։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ։ Դիտարկմանը, թե վերջին օրերին շատ է խոսվում, որ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա թիմը ցանկանում են հետ գալ եւ իշխանությունը ՀՀԿ-ից վերցնել, Սահակյանը պատասխանում է . - «Բայց ո՞րն է Քոչարյանի թիմը, եւ ինչի՞ց է ակնհայտ, որ Քոչարյանը ուզում է հետ գալ»։ Հարց. - «Երբ հայտնի դարձավ, որ Պուտինն է դառնալու ՌԴ նախագահ, բազմաթիվ լրատվամիջոցներում նման հրապարակումներ եղան, թեեւ, իհարկե, տեղեկություններ կան նաեւ, որ դա Քոչարյանի շրջապատն է տարածում»։ Պատասխան. - «Հա, հիմա ի՞նչ է պատահել, չնայած դա լուր է, անհավանական բան է, բայց ասեք»։ Հարց. - «Այսինքն, անհավանակա՞ն եք համարում, որ Քոչարյանը հետ գա»։ Պատասխան. - «Ըստ էության, բոլորն էլ կարող են նախագահի թեկնածություն դնել, բայց դա քննարկման նյութ չէ այսօր, որովհետեւ նման խնդիր եթե լիներ, մեզ մոտ քննարկումներ կլինեին»։

Թեման շարունակում է «Երկիր» օրաթերթը: «Ռուսական վերադարձի հայկական ստվերը» վերնագրի ներքո թերթի վերլուծաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը ստիպված էր գործել չափազանց բարդ քաղաքական, տնտեսական պայմաններում` զուգահեռաբար երկու ճակատով: Մի կողմից թուլացնելու համար մարտիմեկյան ողբերգական դեպքերի քաղաքական հետեւանքները, տերպետրոսյանական ճնշումները եւ չեզոքացնելու սոցիալական բունտի կամ անհնազանդության հնարավորությունները, իսկ մյուս դեպքում` նաեւ Ռոբերտ Քոչարյանին հասկացնելու, որ իշխանության իրական կրողն ինքն է եւ կաշկանդված չէ նրա օժանդակությամբ իշխանության գալու հանգամանքով: Այս երկբեւեռ, խուլ պայքարում Սերժ Սարգսյանի հաղթանակն առայժմ ապահովում են երկու հիմնական գործոն: Մի դեպքում այդ երկու բեւեռների հակադրության ու փոխբացառման հանգամանքն օգտագործելով՝ նրանց միջեւ բալանս ապահովելը, իսկ մյուս դեպքում՝ արտաքին լեգիտիմություն ձեռք բերելը: Այս ամենն, իհարկե, չի նշականում, թե Քոչարյանի վերադարձի բոլոր ճանապարհները փակված են: Այն փաստը, որ պաշտոնաթողությունից հետո նրա ցանկացած խոսք, գնահատական բուռն արձագանքի է արժանանում թե՛ արմատական ընդդիմության եւ թե՛ իշխանության ներկայացուցիչների կողմից, վկայում է, որ նրան, որպես պոտենցիալ մրցակից, լուրջ են վերաբերվում քաղաքական բոլոր բեւեռները»:

«Հրապարակ» թերթն արձանագրում է վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական փաստերն ու խորհրդածում. - «Չկա օր, որ մի ահասարսուռ դեպքի մասին չտեղեկանանք: Մի օր մայրն է երեխաներին կախում: Մյուս օրը մայրը կախվում է, երեխաներն են փորձում հետեւել նրա օրինակին: Հաջորդ օրը մեկը լինգով իր տնօրենին է սպանում: Ավելի վաղ ավազակային հարձակումներ են կատարում՝ դիմակներով, զենքով, եւ ոչ միայն կողոպտում են, այլեւ թալանված տան անդամներին, մասնավորապես 80-ամյա կնոջն են ծեծում: Սա ի՞նչ բարբարոսություն է: Մենք նմանվել ենք նախնադարյան արյունռուշտ հասարակության, որն այնքան հոգեկան անհավասարակշիռ վիճակում է, որ արդեն ձեռք է բարձրացնում անձեռնմխելիի վրա: Մենք, որ ավանդաբար ծերերի ու մանուկների նկատմամբ պաշտամունքի հասնող սեր ու հարգանք ենք տածում, ինչպե՞ս կարող ենք արյան կանչին ու սերունդների գենետիկ կոդին դեմ գնալ»: Փորձելով բացատրություններ գտնել` «Հրապարակ»-ը շարունակում է. - «Ոչ մի սոցիալական կարիք, ոչ մի հասարակական անհուսություն, ոչ մի աղանդ ու բարոյալքող հոսանք չի կարող ստիպել, որ մայրը խեղի իր զավակին, մարդը սպանի իր մերձավորին, երիտասարդ տղան ձեռք բարձրացնի իր տատի տարիքի կնոջ վրա: Եվ պետք չէ հայտնի բանաձեւեր ու պարզունակ բացատրություններ փնտրել: Խնդիրն ավելի խոր է՝ գիտատեխնիկական անկասելի առաջընթացի, մարդ էակի անպաշտպանության, սոցիալական օգնության ինստիտուտների չկայացածության եւ հասարակական տգիտության շրջանակում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG