Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ սկսեց իր եռօրյա պաշտոնական այցը Ֆրանսիա:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո՝ այցի առաջին օրը, նա ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։ Իսկ այսօր կեսօրից հետո իր նստավայրում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին է ընդունել Հայաստանի նախագահին։

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, երկու նախագահները միասին ճաշել են եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների փոխադարձ հարաբերությունները, Կովկասի տարածաշրջանի եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, անդրադարձել են միջազգային կարեւոր խնդիրների։

«Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա առիթ կհանդիսանա ընդգծելու երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բացառիկ բարեկամությունը եւ նոր զարկ կտա մեր համագործակցությանը», - նշված է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ենթադրվում է, որ երկու նախագահները քննարկել են նաեւ Նիկոլա Սարկոզիի առաջիկա այցը Հայաստան։ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի սկզբին տարածաշրջանային այց կկատարի Հարավային Կովկաս։

Այսօր երեկոյան Օլիմպիա համերգասրահում Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կրկնակի հովանավորությամբ տեղի կունենա «Շառլ Ազնավուրը եւ նրա բարեկամները» համերգը։ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված համերգի հասույթը հատկացվելու է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական կազմակերպությանը։

Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Բեռնար Աքուայեի, վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի, Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի Ֆրանսիա – Հայաստան բարեկամության խմբերի, Ֆրանսիայի ձեռնարկատերերի կազմակերպության (MEDEF) հետ։

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի նախագահի պատվին հանդիսավոր ընդունելություն կանցկացվի Փարիզի քաղաքապետարանում։ Քաղաքապետ Բերտրան դե-Լանոյի կազմակերպած ընդունելությանը հրավիրված է նաեւ հայ համայնքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG